Հոդված 60. Միանվագ վճարը
Հոդված 60. Միանվագ վճարը
1. Միանվագ վճարը կատարվում է՝
1) սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում.
2) նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը անձին օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելու դեպքում.
3) մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու և կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելու դեպքում, ինչը հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տրված եզրակացությամբ.
4) մասնակցի մահվան դեպքում` սույն օրենքի 61-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում իրավատերը (մասնակիցը, ժառանգը կամ այլ իրավազոր ֆիզիկական անձը) դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ նշելով միանվագ վճար կատարելու հիմքը:
Դիմումի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
3. Մասնակիցների ռեեստրը վարողը դիմումն ստանալու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մարում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը և կատարում է միանվագ վճար:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի հետադարձ պահանջ ներկայացնելու տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով:
5. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճար կարող է կատարվել նաև՝
1) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին մշտական բնակության նպատակով մեկնում է արտասահման և հրաժարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.
2) Հայաստանում աշխատող օտարերկրացիներին, ովքեր վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր:
Սույն մասով նախատեսված միանվագ վճարը կարող է կատարվել միայն անկանխիկ փոխանցման միջոցով` համապատասխան օտարերկրյա պետությունում անձի գործող պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվին: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չունի պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշիվ, կամ միջոցների փոխանցումն անհնար է որևէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված անձինք կարող են ստանալ իրենց միջոցները սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն մասում նշված միանվագ վճարների կատարման կարգը և այլ պայմաններ: