Հոդված 65. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն իրականացնելը
Հոդված 65. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն իրականացնելը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում միայն կամավոր կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները), բանկերը և ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն առաջարկելու կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներ:
2. Կամավոր կուտակային կենսաթոշակների պայմանագրի սուբյեկտ կարող է լինել գործատուն, որը կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիր է կնքում իր աշխատակիցների օգտին, ինչպես նաև ֆիզիկական անձը, որն իրավունք ունի կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիր կնքելու իր կամ այլ անձանց օգտին:
3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը պարտավոր են սահմանել կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կանոնները, որոնք պետք է ներառեն կամավոր կուտակային վճարի չափը, փայերի մարման վճարի չափը, վճարների կատարման ժամկետը և պարբերականությունը, կենսաթոշակների վճարման ժամկետներն ու պարբերականությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ պայմաններ:
4. Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաների կանոնները կարող են փոփոխվել միայն ապագա ժամանակահատվածի համար, և դրանք չեն կարող վատթարացնել մասնակիցների/շահառուների կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանները:
5. Անձը կարող է մասնակցել միաժամանակ մեկից ավելի կամավոր սխեմաների:
6. Անձը կամավոր կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի:
7. Մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակիցն իրավունք ունի միանվագ վճարի ձևով ստանալու իր միջոցները հետևյալ դեպքերում.
1) անձին օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելու դեպքում.
2) մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու և կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելու դեպքում, որը հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու` մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում.
4) Հայաստանում աշխատող օտարերկրացիների` իրենց մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում.
5) կամավոր կենսաթոշակային ֆոնդի դադարեցման (լուծարման) դեպքում:
Բոլոր այլ դեպքերում կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաների մասնակիցները կարող են օգտագործել այդ սխեմաներով կուտակված միջոցները միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո: