Հոդված 6. Պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցները
Հոդված 6. Պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցները
1. Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր կարգով կարող են մասնակցել՝
1) մինչև 1974 թվականը ծնված՝
ա) վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց,
բ) նոտարները,
գ) անհատ ձեռնարկատերերը.
2) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից:
Սույն մասի 1-ին և 2-րդ կետերը տարածվում են նաև մինչև 1974 թվականը ծնված օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է: Նրանք այլևս իրավունք չունեն փոխելու պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու մասին իրենց որոշումը և վերադառնալու նախկին համակարգ` անկախ աշխատանքի փոփոխության կամ աշխատանքից ազատվելու փաստից:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշում ընդունելու դեպքում պարտավոր են մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքէջի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացել կենսաթոշակային հաշիվ` սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված դիմում ներկայացնելու միջոցով: Այն կազմակերպությունում, որի միջոցով սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք բացել են կենսաթոշակային հաշիվ, մասնակցին պարտավոր են տրամադրել հավաստում կենսաթոշակային հաշիվ բացած լինելու վերաբերյալ, որից հետո նշված անձինք համարվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին միանալու որոշումը կայացրած: Կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձը վերը նշված հավաստումը պարտավոր է տրամադրել իր գործատուին (հարկային գործակալին), որը դրա հիման վրա կիրականացնի սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործողությունները: Գործատուն (հարկային գործակալը) կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելուն հաջորդող ամսվա բազային եկամտից հաշվարկում և վճարում է կուտակային վճար:
Գործատուի փոփոխման դեպքում նոր գործատուին պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից լինելու մասին չհայտնելու դեպքում անձի` պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակից լինելու փաստը հայտնի դառնալուց հետո հետագա բազային եկամտից գործատուն ամբողջությամբ փոխանցում է անձի` նախորդ ժամանակահատվածում վճարման ենթակա, բայց չվճարված պարտադիր կուտակային վճարները:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում, ինչպես նաև 2-րդ կետում նշված անձինք, որոնք կամավոր միացել են պարտադիր կուտակային բաղադրիչին, ինքնուրույնաբար կատարում են պարտադիր կուտակային վճարներ: