Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

Հոդված 62. Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 62. Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը

1. Ժառանգության վկայականը ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու կամ սույն օրենքով սահմանված կարգով ժառանգություն ստացած փայերն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաև ժառանգության վկայականի պատճենը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը կարող է ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Դիմումի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) ժառանգի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը,

2) ժառանգի սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը օտարերկրյա քաղաքացի է և պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից չէ,

3) ժառանգի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և այլն),

4) ժառանգի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը,

5) ժառանգատուի անունը և ազգանունը,

6) ժառանգատուի սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

7) ժառանգի ընտրած կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի անվանումը,

8) հավաստում այն մասին, որ համաձայն է սույն մասի 7-րդ կետում նշված կենսաթոշակային ֆոնդի կանոնների հետ,

9) հավաստում այն մասին, որ պահանջում է փայերի մարում և կուտակային ակտիվների միանվագ վճարում՝ նշելով իր անհատական բանկային հաշվի վավերապայմանները,

10) ժառանգության վկայականի վավերապայմանները,

11) դիմումի ներկայացման տարին, ամիսը և ամսաթիվը,

12) ժառանգի (ժառանգի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա սույն մասի 9-րդ կետով նախատեսված տեղեկությունները չեն լրացվում:

Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու և ստացված դրամական միջոցները սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ միանվագ ստանալու մասին, ապա չեն լրացվում սույն մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը չի կարող հետ կանչվել կամ փոփոխվել:

4. Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգած կենսաթոշակային ֆոնդի փայերն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա այդ դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է կազմակերպել կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին և (կամ) կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը` դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փայերի մարման ժամանակ փայի հետգնման (մարման) գնի հաշվարկման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կենսաթոշակային ակտիվները շարունակում են մնալ նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման ներքո մինչև 3 տարի ժամանակով: Երեք տարվա ընթացքում դիմում չներկայացնելու դեպքում փայերը մարվում են, և մարման արդյունքում առաջացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։