Հոդված 68. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կամավոր կուտակային կենսաթոշակների տրամադրումը
Հոդված 68. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կամավոր կուտակային կենսաթոշակների տրամադրումը
1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները) կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմաներ:
2. Կամավոր կուտակային վճար կատարելով` անձը ձեռք է բերում վճարին համապատասխան քանակով տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը: Ձեռք բերված փայերը հավաստում են մասնակցի` տվյալ ֆոնդի ակտիվների նկատմամբ փայամասնակցության իրավունքը:
3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը կարող է փոխանակել կամավոր կենսաթոշակային ֆոնդի իր փայերը միայն այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերով: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցն իրավունք ունի իր կամավոր կենսաթոշակային ֆոնդի (նախկին կենսաթոշակային ֆոնդ) փայերը փոխանակելու տվյալ կամ այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի (նոր կենսաթոշակային ֆոնդ) փայերով` նախկին կենսաթոշակային ֆոնդի կառավարչին դիմում ներկայացնելու միջոցով: Նախկին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պահառուի հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող փայերի մարումն ու միջոցների փոխանցումը նոր կենսաթոշակային ֆոնդին` ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մասնակցի կողմից դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Փայերի փոխանակման դեպքում նախկին կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, և մարման գնին համապատասխան չափով ձեռք են բերվում նոր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Փայերի փոխանակման դեպքում հիմք են ընդունվում նույն օրվա փայերի մարման (հետգնման) և տեղաբաշխման գները` հաշվի առնելով սույն հոդվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ մասերի, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:
5. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` փոխանակման ենթակա նախկին կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը (հետգնումը) կասեցված է, ապա փայերի փոխանակումն իրականացվում է փայերի հետգնման (մարման) կասեցման ժամկետի ավարտից անմիջապես հետո: Եթե փայերի փոխանակման արդյունքում ձեռքբերման ենթակա փայերի տեղաբաշխումը կասեցված է, ապա կառավարիչը մերժում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը` մասնակցին տեղեկացնելով դիմումի մերժման պատճառների մասին:
Սույն մասով նախատեսված փոխանակման ենթակա նախկին կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը (հետգնումը) կարող է կասեցվել միայն սույն օրենքի 40-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում:
6. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով կարող է նախատեսվել մասնակցի` տվյալ ֆոնդին մասնակցության նվազագույն ժամանակահատված, որը լրանալուց հետո միայն մասնակիցը կարող է պահանջել ձեռք բերված փայերի փոխանակումը (հաջորդ փոխանակումը)` սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն: Սույն մասով սահմանված ժամանակահատվածը չի կարող 2 տարուց ավելի լինել:
7. Կամավոր կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակների ստացման համար, ինչպես նաև սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում մասնակիցը պետք է ներկայացնի դիմում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչին: Դիմումի ձևը և դրանում պարունակվող տեղեկությունները սահմանվում են կենսաթոշակային ֆոնդի կանոններով:
8. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կենսաթոշակները վճարվում են սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված կարգով:
9. Մասնակիցը կարող է կամավոր կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակը ստանալ հետևյալ ձևերով`
1) միանվագ վճարի տեսքով.
2) ծրագրային վճարի տեսքով:
10. Մասնակիցն իրավունք ունի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո պահանջելու կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարում և մարման արդյունքում ստացված միջոցների կամ դրանց մի մասի փոխանցումը ապահովագրական ընկերությանը` անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով: Մասնակցին պատկանող փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված դրամական միջոցների կամ դրանց մի մասի փոխանցումը մասնակցի նշած ապահովագրական ընկերությանը կազմակերպում է տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուն` մասնակցի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ստացված միջոցների կամ դրանց մի մասի ապահովագրական ընկերությանը փոխանցման դեպքում մասնակցին` ապահովագրական ընկերությանը փոխանցված գումարի մասով, կենսաթոշակային ֆոնդը վճարումներ չի կատարում:
11. Կենսաթոշակային ֆոնդի մասնակցի մահվան դեպքում ժառանգն իրավունք ունի դիմում ներկայացնելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչին` ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները միանվագ ստանալու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաև ժառանգության վկայականի պատճենը: Դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանվում են կենսաթոշակային ֆոնդի կանոններով:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձում է պարգևավճար՝ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված չափով և կարգով:
14. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարների (այդ թվում` սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված` կառավարչի պարգևավճարի, ինչպես նաև պահառուի պարգևավճարի) առավելագույն չափը, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար տվյալ ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի ուղղությունները և առավելագույն չափերը սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:
15. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով, բացառությամբ կենսաթոշակի ստացման նպատակով կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու դեպքի, կարող է սահմանվել կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար, որը պետք է ուղղակի սահմանված լինի տվյալ կենսաթոշակային ֆոնդի կանոններով և չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ հաստատված չափը: