Հոդված 104
Հոդված 104.
Որակավորման գրավոր քննության արդյունքներն ստուգող հանձնաժողովները
1. Որակավորման գրավոր քննության աշխատանքներն ստուգելու և գնահատելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ձևավորվում է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով:
2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում համապատասխան մասնագիտացում ունեցող հինգ դատավոր և իրավունքի համապատասխան բնագավառի երկու իրավաբան գիտնական:
3. Գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար գրավոր քննություն անցկացնելուց ոչ շուտ, քան չորս օր առաջ Ուսումնական հարցերի հանձնաժողովն առաջարկում է յուրաքանչյուր մասնագիտացման 10 դատավորի թեկնածություն՝ նրանց համաձայնությամբ, իսկ Լիազոր մարմինը՝ իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն չորս իրավաբան գիտնականի թեկնածություն՝ նրանց համաձայնությամբ: Լիազոր մարմնի ներկայացրած իրավաբան գիտնականները չեն կարող լինել դատավոր:
4. Գնահատման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահները և Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամները:
5. Գրավոր քննություն անցկացնելու օրը` քննության ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից և իրավաբան գիտնականներից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովների անդամներ: Վիճակահանությունն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:
6. Գնահատման հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է գաղտնի: Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հանձնաժողովի աշխատանքը գաղտնի իրականացնելու անհրաժեշտ մանրամասներ:
7. Գնահատման հանձնաժողովի անդամին Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:
8. Եթե Գնահատման հանձնաժողովի անդամը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել իր կամ գնահատման հանձնաժողովի այլ անդամի անկողմնակալության մեջ, նա պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել համապատասխանաբար Ուսումնական հարցերի հանձնաժողովին կամ Լիազոր մարմնին և Բարձրագույն դատական խորհրդին:
9. Բարձրագույն դատական խորհուրդն իր նախաձեռնությամբ, Ուսումնական հարցերի հանձնաժողովի կամ Լիազոր մարմնի առաջարկով կարող է դադարեցնել գնահատման հանձնաժողովի համապատասխան անդամի լիազորությունները, եթե գնահատման հանձնաժողովի անդամի անաչառությունն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է հարուցել ողջամիտ կասկած:
10. Գնահատման հանձնաժողովի դատավոր անդամի լիազորությունները դադարում են, եթե դադարել, դադարեցվել կամ կասեցվել են նրա՝ որպես դատավորի լիազորությունները:
11. Գնահատման հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ դադարելու դեպքում նոր անդամը նշանակվում է ընդհանուր կարգով:
12. Գնահատման հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կազմից՝ անդամների ձայների մեծամասնությամբ:
13. Գնահատման հանձնաժողովի գործունեությունը դադարում է գրավոր քննության արդյունքներն ամփոփելու ժամկետը լրանալուց հետո: