Հոդված 124. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը
Հոդված 124. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը
1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում նրա ներկայացրած և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
2. Բարձրագույն դատական խորհուրդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի է առնում վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, իսկ դատավորի համար նաև գործունեության գնահատման արդյունքները:
3. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է գաղտնի քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:
4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար կազմվում են առանձին քվեաթերթիկներ՝ ներառելով այդ բաժնում ընդգրկվելու համար սահմանված կարգով դիմում ներկայացրած բոլոր թեկնածուներին:
5. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս թեկնածուների թիվն անհրաժեշտ քանակին հավասար կամ շատ լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է համալրման համար անհրաժեշտ քանակին, իսկ քիչ լինելու դեպքում՝ թեկնածուների թվին: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:
6. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կազմում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակ, որում ընդգրկվում են անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:
7. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել ընտրված թեկնածուներին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են նվազագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:
8. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:
9. Լրացուցիչ քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:
10. Բարձրագույն դատական խորհուրդը մինչև օգոստոսի 1-ը, իսկ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին հայտարարությունն հրապարակելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատում է քվեարկության արդյունքով կազմված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:
11. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված՝ սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Արդարադատության ակադեմիա՝ նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով:
12. Սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը կամ սնանկ ճանաչվելը կասեցնում է նրա ուսուցումն Արդարադատության ակադեմիայում՝ համապատասխանաբար մինչև արդարացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կամ սնանկության վարույթի ավարտը:
13. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված՝ սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց համար Արդարադատության ակադեմիայում գործնական հմտությունների զարգացման մասով օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է ուսուցում: