Հոդված 113
Հոդված 113.
Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներից անձին հանելու հիմքերը
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝
1) ներառվել է դատավորների թեկնածուների ցուցակում.
2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել.
3) լրացել է նրա 63 տարին.
4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.
5) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.
6) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
7) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
8) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, կամ հրաժարվել է սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց.
9) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն հինգ տոկոսից.
10) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.
11) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքը գնահատվել է բացասական, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը.
12) առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:
2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝
1) նշանակվել է դատավորի պաշտոնում.
2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել.
3) լրացել է նրա 63 տարին.
4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.
5) առանց հարգելի պատճառի չի անցել պարտադիր վերապատրաստում.
6) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.
7) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
8) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
9) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, կամ հրաժարվել է սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց.
10) Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չի զբաղվել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով կամ չի դիմել դատարանների աշխատակազմերում աշխատանքի անցնելու համար: Սույն կետում նշված սահմանափակումները չեն տարածվում մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա.
11) առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմք ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, համապատասխանաբար Դատական դեպարտամենտը կամ Արդարադատության ակադեմիան դրանց մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդին:
4. Եթե առերևույթ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմում է ներկայացնում իրավասու մարմին՝ դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Եթե անձը հրաժարվում է անցնել բժշկական զննություն կամ զննության արդյունքով հիմնավորվում է, որ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ է հրավիրում:
5. Եթե գաղտնի քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը համարում է, որ առկա է սույն հոդվածով նախատեսված հիմքերից մեկը, ապա այդ անձը հանվում է համապատասխան ցուցակից:
6. Անձին ցուցակից հանելն արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով սույն օրենսգրքով սահմանված կարգով կրկին դիմելու համար:
7. Համապատասխան ցուցակից անձին հանելու վերաբերյալ որոշումը վերանայվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայման համար սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: