Հոդված 95
Հոդված 95.
Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման մասին որոշումը
1. Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը:
2. Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում՝ երկուսով:
3. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում՝ երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված քանակի մեջ չեն հաշվարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման հետ կապված արձակուրդում գտնվելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառով:
5. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի տեղեկություններ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:
6. Եթե մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հերթական համալրման անհրաժեշտության մասին հայտարարություն տալը դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացման դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացման դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: Արտահերթ համալրում չի կարող իրականացվել, եթե մինչև հերթական համալրման համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը մնացել է ոչ ավելի, քան վեց ամիս:
7. Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումը կատարվում է հերթական համալրման համար սահմանված կարգով՝ արտահերթ համալրման անհրաժեշտության մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը: