Հոդված 108
Հոդված 108.
Հարցազրույցի անցկացումը
1. Հարցազրույցի նպատակն է դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար հավակնորդի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են հավակնորդի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, պատասխանատվության զգացում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով: Հարցազրույցն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:
2. Հարցազրույցը կազմված է երկու մասից՝
1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ: Դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին սույն հոդվածի 1-ին մասում նշված հատկանիշների, իսկ գիտությունների թեկնածու հավակնորդին՝ նաև նրա գիտական հետազոտությունների ոլորտի մասին.
2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների և որպես դատավոր գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար:
3. Իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձանց համար հարցազրույցը վերը նշված երկու մասից բացի, ներառում է նաև համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ և այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ հմտությունները ու որակները գնահատելու համար:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով: Պատասխանելուն պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է 30 րոպե ժամանակ:
5. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկուկես ժամ է:
6. Հարցազրույցի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են սույն հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա հատկանիշները: Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:
7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացնում են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդում է քվեարկությունը: