Հոդված 117
Հոդված 117.
Դատավորի նշանակման կարգը
1. Թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը նրա թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին՝ ներկայացնելով նաև նրա անձնական գործը, թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում նրա կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը:
2. Առաջարկությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ:
3. Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել:
4. Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը քննարկում և որոշում է կայացնում գաղտնի քվեարկությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկությունը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ:
6. Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածի 2-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերում նշված գործողությունները, ապա համապատասխան թեկնածուին նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, ինչի մասին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն դատական իշխանության պաշտոնական կայքում: