Հոդված 73
Հոդված 73.
Դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները
1. Դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր ընտանիքի անդամներին և իր հետ բնակվող այլ մերձավոր ազգականների այդպիսի գործողություններից:
2. Սույն օրենսգրքի իմաստով՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի, և ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:
3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝
1) դատավորի հետ բնակվող մերձավոր ազգականի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության կամ անձնական հարաբերությունների կապակցությամբ ստացված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է օգտագործել նաև դատավորը, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված.
2) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով.
3) ֆինանսական կազմակերպություններից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացված փոխառության վրա:
4. Դատավորի համար թույլատրելի նվերներ են համարվում`
1) հրապարակային կամ արարողակարգային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները,
2) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերները, եթե դրանք իրենց բնույթով համապատասխանում են կենցաղային հյուրընկալության ժամանակ սովորաբար տրվող նվերներին,
3) մերձավոր ազգականից ստացված նվերները,
4) բարեկամից ստացված նվերները, եթե նվերն էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին:
5. Եթե սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները (բացառությամբ մերձավոր ազգականից ստացված նվերների), որոնք ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը կամ օրացուցային տարում գերազանցում են չորս հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին տասնօրյա ժամկետում հայտնել Կարգապահական հարցերի հանձնաժողովին: Եթե Կարգապահական հարցերի հանձնաժողովն ստացված նվերը (նվերները) գնահատում է որպես սույն հոդվածով թույլատրելի չհամարվող, ապա մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է այդ մասին դատավորին: Կարգապահական հարցերի հանձնաժողովից ծանուցումն ստանալու պահից կիրառելի են սույն հոդվածի 7-րդ մասի կանոնները:
6. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր մերձավոր ազգականին տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա նա պարտավոր է այդ մասին տեղեկություն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտնել Կարգապահական հարցերի հանձնաժողովին:
7. Եթե դատավորը ստացել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով: