Հոդված 109
Հոդված 109.
Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կազմումը և հաստատումը
1. Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման ավարտից հետո անցկացվում է գաղտնի քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:
2. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար կազմվում են առանձին քվեաթերթիկներ՝ ներառելով հարցազրույցին մասնակցած հավակնորդներին:
3. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս հավակնորդների թիվն անհրաժեշտ քանակին հավասար կամ շատ լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է համալրման համար անհրաժեշտ քանակին, իսկ քիչ լինելու դեպքում՝ հավակնորդների թվին: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:
4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ, որում ընդգրկվում են անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները:
5. Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակաս է դատավորների ընդհանուր թվի 25 տոկոսից, ապա դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում երաշխավորվում է առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած այդ սեռի ներկայացուցիչների համար մինչև 50 տոկոս տեղ:
6. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել ընտրված թեկնածուներին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են նվազագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:
7. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:
8. Լրացուցիչ քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:
9. Բարձրագույն դատական խորհուրդը որակավորման ստուգման արդյունքների հիման վրա կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը և այն ներկայացնում Արդարադատության ակադեմիա՝ նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով:
10. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ցուցակը կազմելուց հետո ցուցակում գտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը կամ սնանկ ճանաչվելը կասեցնում է նրա ուսուցումն Արդարադատության ակադեմիայում՝ համապատասխանաբար մինչև արդարացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կամ սնանկության վարույթի ավարտը:
11. Գիտական աստիճան ունեցող հավակնորդի համար Արդարադատության ակադեմիայում գործնական հմտությունների զարգացման մասով օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է ուսուցում: