Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են համապատասխան այդ Պետության օրենսդրությանը, բայց եթե ստացողը հանդիսանում է ռոյալթիի փաստացի սեփականատեր, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 10 տոկոսը:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է ցանկացած տեսակի վճարում, որը ստացվել է որպես փոխհատուցում գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի, ներառյալ կինոնկարները կամ ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդումների ֆիլմերն ու ժապավենները, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների, կամ տրանսպորտային միջոցների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, կամ այդ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվում է ռոյալթին, հիրավի կապված է այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
5. Համարվում է, որ ռոյալթին առաջանում է Պայմանավորվող պետությունում, եթե վճարող են հանդիսանում ինքը՝ այդ Պայմանավորվող պետությունը, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն, եթե ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն (ներկայացուցչություն) կամ հաստատուն բազա, որի առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորություն, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը) կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը) կամ հաստատուն բազան:
6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկատվության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում, պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները, վճարումների գերազանցող մասը առաջվա պես հարկվում է Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համաձայն: