Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշտական հաստատություն (ներկայացուցչություն)

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական հաստատություն (ներկայացուցչություն)

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն (ներկայացուցչություն)» տերմինը նշանակում է գործունեության մշտական վայր, որի միջոցով Պայմանավորվող պետության ձեռնարկությունն ամբողջությամբ կամ մասամբ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն մյուս Պայմանավորվող պետությունում:

2. «Մշտական հաստատություն (ներկայացուցչություն)» տերմինը, մասնավորապես, ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) մասնաճյուղ (բաժանմունք),

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արտադրամաս,

զ) հանքահոր, հանքարան, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման, շահագործման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր,

է) ապրանքների կամ արտադրանքի իրացման համար օգտագործվող զետեղարան:

3. Շինարարական հրապարակը կամ շինարարական, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը համարվում է մշտական հաստատություն (ներկայացուցչություն), եթե այդպիսի հրապարակի կամ օբյեկտի տևողությունը գերազանցում է 12 ամիսը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին «մշտական հաստատություն (ներկայացուցչություն)» տերմինը չի ներառում՝

ա) հարմարությունների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման, ցուցադրման կամ մատակարարման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահպանման, ցուցադրման կամ մատակարարման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ անձի կողմից մշակման նպատակով,

դ) գործունեության մշտական վայրի պահումը ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի բացառապես գնման, կամ տեղեկության հավաքման նպատակով,

ե) գործունեության մշտական վայրի պահումը ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակով,

զ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես «ա» - «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար՝ պայմանով, որ այդպիսի համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ընդհանուր գործունեությունը կրում է նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, եթե անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է սույն հոդվածի 6-րդ կետը) տարբերվող անձը գործում է Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը համարվում է առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն (ներկայացուցչություն) ունեցող ցանկացած գործունեության առումով, որն այդ անձը իրականացնում է ձեռնարկության համար, եթե այդ անձը առաջինը հիշատակված Պետությունում ունի և սովորաբար օգտագործում է ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, բացառությամբ, եթե այդ անձի գործունեությունը սահմանափակվում է սույն հոդվածի 4-րդ կետում նշվածով, որն եթե նույնիսկ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, ապա, համաձայն սույն կետի դրույթների, գործունեության մշտական վայրը չի վերածում մշտական հաստատության (ներկայացուցչության):

6. Ձեռնարկությունը չի դիտարկվում որպես Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն (ներկայացուցչություն) ունեցող այն դեպքում, երբ նա այդ Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, կոմիսիոների կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց սովորական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատությանը (ներկայացուցչությանը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։