Հոդված 24. Անխտրականություն
Հոդված 24. Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության ազգային անձինք (քաղաքացիները) մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորությունը, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք (քաղաքացիները) նույն հանգամանքների դեպքում: Չնայած սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթներին, սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից և ոչ մեկի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:
2. Պայմանավորվող պետությունների ռեզիդենտներ հանդիսացող և քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկմանը կամ դրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորությունը, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ Պետությունների ազգային անձինք (քաղաքացիները) նույն հանգամանքների դեպքում:
3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության (ներկայացուցչության) հարկումն այդ մյուս Պետությունում չպետք է նվազ բարենպաստ լինի, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը: Սույն դրույթը չպետք է դիտարկվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝ տրամադրելու մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին որևէ հարկային անհատական արտոնություններ, նվազեցումներ կամ զեղչեր քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա, որոնք նա տրամադրում է իր ռեզիդենտներին:
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները, ռոյալթին և այլ վճարումներ, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես եթե վճարվեին առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին: Նմանապես, մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով, ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես եթե դրանք լինեին պարտք առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին:
5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքը ամբողջովին կամ մասամբ, ուղղակի կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության համանման ձեռնարկությունները:
6. Չնայած սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթներին՝ սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած կարգի և տեսակի հարկերի նկատմամբ: