Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստից այլ բան չի բխում՝
ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Բելառուս,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է տարածք, որի նկատմամբ, միջազգային իրավունքի նորմերին ու ներքին օրենսդրությանը համաձայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն,
գ) «Բելառուս» տերմինը նշանակում է Բելառուսի Հանրապետություն և, աշխարհագրական իմաստով օգտագործվելիս, նշանակում է Բելառուսի Հանրապետության ինքնիշխանության տակ գտնվող տարածք, և որը, համաձայն Բելառուսի օրենսդրությանն ու միջազգային իրավունքին, գտնվում է Բելառուսի Հանրապետության իրավասության տակ,
դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավորում, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից շահագործվող ծովային կամ օդային նավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցով, բացառությամբ, երբ այդպիսի փոխադրումը իրականացվում է միմիայն մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող կետերի միջև,
ը) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է՝
i) Հայաստանի դեպքում՝ պետական եկամուտների նախարար կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,
ii) Բելառուսի դեպքում՝ պետական հարկային կոմիտե կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,
թ) «ազգային անձ (քաղաքացի)» տերմինը նշանակում է՝
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա որպես այդպիսին կարգավիճակ ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագիրը կիրառվելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին ունի, եթե ենթատեքստից այլ բան չի բխում, այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պետության օրենսդրությամբ այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ տարածվում է Համաձայնագիրը: