Հոդված 11. Տոկոսներ
Հոդված 11. Տոկոսներ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են համապատասխան այդ Պետության օրենսդրությանը, բայց եթե ստացողը հանդիսանում է տոկոսների փաստացի սեփականատեր, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:
3. Չնայած սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության կառավարության, այդ մյուս Պայմանավորվող պետության ազգային (կենտրոնական) բանկի սեփականություն հանդիսացող տոկոսներն առաջինը հիշատակված Պետությունում ազատվում են հարկումից:
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից՝ անկախ գրավային ապահովումից և անկախ պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի կամ փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու շահումները: Սույն հոդվածի նպատակների համար անժամանակ վճարումների համար տուգանքները որպես տոկոսներ չեն դիտարկվում:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և պարտապահանջը, որի հիման վրա վճարվում են տոկոսները, հիրավի կապված է այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքն այդ Պայմանավորվող պետությունն է, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտը: Սակայն, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն (ներկայացուցչություն) կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, և որի համար վճարվում են տոկոսները, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը) կամ հաստատուն բազան, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը) կամ հաստատուն բազան:
7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջի առնչությամբ վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում, պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները, վճարումների գերազանցող մասը առաջվա պես հարկվում է Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն: