Հոդված 15. Վարձու աշխատանք
Հոդված 15. Վարձու աշխատանք
1. Հաշվի առնելով սույն Համաձայնագրի 16-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթները՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացվող աշխատավարձն ու այլ համանման վարձատրությունը հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացված է մյուս Պայմանավորվող պետությունում, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացվող վարձատրությունը հարկվում է միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե՝
ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետի կամ ժամկետների՝ տվյալ օրացուցային տարում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետի ընթացքում, և
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության վճարման հետ կապված ծախսերը չի կրում այդ մյուս Պետությունում գործատուի ունեցած մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը) կամ հաստատուն բազան:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային կամ օդային նավերի, ճանապարհային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցների վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել միայն այդ Պետությունում: