Հոդված 19. Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունքը
Հոդված 19. Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունքը
Ցանկացած մյուս Կողմի տարածքում միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. պահել կամ համոզվել, որ կան համապատասխան և անվճար ծառայություններ նման աշխատողներին օգնություն ցուցաբերելու, հատկապես, ճշգրիտ տեղեկատվություն ձեռք բերելու համար և ձեռնարկել ազգային օրենքներով ու կանոնակարգերով թույլատրելի բոլոր համապատասխան քայլերը արտագաղթին և ներգաղթին վերաբերող ապակողմնորոշիչ պրոպագանդայի դեմ,
2. իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք կհեշտացնեն նման աշխատողների և նրանց ընտանիքների մեկնումը, ուղևորությունը և դիմավորումը, և իրենց իրավասության սահմաններում ապահովել համապատասխան ծառայություններ` ուղևորության ընթացքում առողջության, բժշկական խնամքի և հիգիենիկ բավարար պայմանների ապահովման նպատակով,
3. անհրաժեշտության դեպքում խթանել պետական և մասնավոր սոցիալական ծառայությունների համագործակցությունը ներգաղթման և արտագաղթման երկրներում,
4. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար ապահովել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերաբերմունքն է հետևյալ հարցերի կապակցությամբ՝ այնքանով, որքանով տվյալ հարցերը կարգավորվում են օրենքով կամ կանոնակարգերով կամ ենթակա են վարչական մարմինների վերահսկողությանը.
ա. վարձատրությունը և աշխատանքի վերցնելու և աշխատանքային այլ պայմանները,
բ. արհմիություններին անդամակցությունը և կոլեկտիվ գործարքներից ստացվող եկամուտներից օգտվելը,
գ. բնակատեղը,
5. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար ապահովել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերաբերմունքն է աշխատանքային հարկերի, աշխատող անձանց կողմից վճարվող տուրքերի կամ վճարումների առնչությամբ,
6. հնարավորին չափ դյուրացնել այդ տարածքում հաստատվելու թույլտվություն ստացած օտարերկրյա աշխատողի ընտանիքի վերամիավորումը,
7. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար ապահովել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերաբերմունքն է` սույն հոդվածում նշված հարցերին վերաբերող իրավական վարույթների առնչությամբ,
8. ապահովել, որ իրենց տարածքներում օրինականորեն բնակվող այսպիսի աշխատողները չարտաքսվեն, եթե նրանք չեն վտանգում երկրի ազգային անվտանգությունը կամ չեն կատարում հասարակական շահերին կամ բարոյականությանը հակասող հանցագործություններ,
9. օրենքով հաստատված սահմաններում թույլատրել այդպիսի աշխատողների վաստակած գումարների և տնտեսումների որևէ մասի փոխանցումը՝ իրենց ցանկությամբ,
10. տարածել սույն հոդվածով նախատեսված պաշտպանությունը և աջակցությունը ինքնուրույն աշխատող միգրանտների վրա այնքանով, որքանով կիրառվում են նման միջոցառումները,
11. նպաստել և դյուրացնել ընդունող պետության ազգային լեզվի կամ, եթե դրանք մի քանիսն են, այդ լեզուներից մեկի ուսուցումը միգրանտ աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին,
12. իրագործելիության սահմաններում նպաստել և դյուրացնել միգրանտ աշխատողի երեխաներին միգրանտ աշխատողի մայրենի լեզվի ուսուցումը: