Անցնել բովանդակությանը

Հոդված 31. Բնակարանի իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Բնակարանի իրավունքը

Բնակարանի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն՝

1. նպաստելու համապատասխան ստանդարտի բնակարանի մատչելիությանը,

2. կանխելու և կրճատելու անօթևանությունը` նպատակ ունենալով դրա աստիճանական վերացումը,

3. բնակարանի գները մատչելի դարձնել համապատասխան ռեսուրսներ չունեցողների համար:

Մ ա ս 3

Հոդված Ա. Պարտավորություններ

1. Ներքոնշյալ «բ» հոդվածի դրույթների համաձայն` Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է՝

ա) սույն Խարտիայի 1-ին Մասը դիտել որպես այն նպատակների հայտարարագիր, որոնց նա պետք է հետամուտ լինի այդ Մասի ներածական պարբերությունում նշված բոլոր համապատասխան միջոցներով,

բ) իրեն պարտավորված համարել սույն Խարտիայի 2-րդ Մասի հետևյալ ինը հոդվածներից առնվազն վեցով. հոդվածներ 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ, 19-րդ և 20-րդ,

գ) իր ընտրությամբ իրեն պարտավորված համարել Խարտիայի 2-րդ Մասի հոդվածների կամ համարակալված կետերի լրացուցիչ քանակով` պայմանով, որ այդ հոդվածների կամ համարակալված կետերի ընդհանուր թիվը, որոնցով նա պարտավորվում է, լինի ոչ պակաս տասնվեց հոդվածից կամ ոչ պակաս վաթսուներեք համարակալված կետից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն ընտրված հոդվածների կամ կետերի մասին պետք է ծանուցվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ:

3. Կողմերից յուրաքանչյուրը Գլխավոր քարտուղարին ավելի ուշ հասցեագրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ իրեն պարտավորված է համարում սույն հոդվածի 1-ին կետի պայմանների համաձայն դեռևս չընդունված՝ Խարտիայի 2-րդ Մասի ցանկացած հոդվածով կամ համարակալված կետով: Հետագայում տրված նման պարտավորությունները պետք է համարվեն վավերացման, ընդունման կամ հաստատման անբաժանելի մասը և ծանուցումից հետո մեկամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրվանից կունենան միևնույն ուժը:

4. Յուրաքանչյուր Կողմ, ազգային պայմաններին համապատասխան, պետք է պահի աշխատանքային վերահսկողության համակարգ:

Հոդված Բ. Եվրոպական սոցիալական խարտիայի 1988 թվականի Լրացուցիչ արձանագրության կապը

1. Եվրոպական սոցիալական խարտիայի Պայմանավորվող կողմերից ոչ մեկը կամ 1988 թվականի մայիսի 5-ի Լրացուցիչ արձանագրության որևէ Կողմ չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Խարտիան առանց իրեն պարտավորված համարելու առնվազն Եվրոպական սոցիալական խարտիայի և, անհրաժեշտության դեպքում, նաև Լրացուցիչ արձանագրության, որով նա պարտավորություններ ունի, դրույթներին համապատասխանող դրույթներով:

2. Սույն Խարտիայի ցանկացած դրույթից բխող պարտավորությունների ընդունումը շահագրգիռ Կողմի համար, այդ պարտավորությունների ուժի մեջ մտնելու ժամկետից սկսած, կհանգեցնի նրան, որ Եվրոպական սոցիալական խարտիայի և, անհրաժեշտության դեպքում, նրա 1988 թվականի Լրացուցիչ արձանագրության համապատասխան դրույթը կդադարի կիրառվել շահագրգիռ Կողմի նկատմամբ այն դեպքում, եթե այդ Կողմը պարտավորված լինի այն փաստաթղթերից առաջինով կամ երկու փաստաթղթով էլ:

Մ ա ս 4

Հոդված Գ. Սույն Խարտիայում առկա պարտավորությունների իրականացման վերահսկողությունը

Սույն Խարտիայում առկա իրավական պարտավորությունների իրականացումը պետք է ներկայացվի նույն վերահսկողությանը, ինչ Եվրոպական սոցիալական խարտիան:

Հոդված Դ. Կոլեկտիվ բողոքներ

1. Կոլեկտիվ բողոքների համակարգ նախատեսող Եվրոպական սոցիալական խարտիայի Լրացուցիչ արձանագրության դրույթները պետք է կիրառվեն այն պարտավորությունների նկատմամբ, որոնք տրված են սույն Խարտիայում նշված արձանագրությունը վավերացրած պետությունների համար:

2. Ցանկացած պետություն, որը պարտավորված չէ կոլեկտիվ բողոքների համակարգ նախատեսող Եվրոպական սոցիալական խարտիայի Լրացուցիչ արձանագրությամբ, կարող է սույն Խարտիայի վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթուղթը ի պահ տալու կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ հայտարարել, որ ինքը ընդունում է սույն Խարտիայի համաձայն իր պարտավորությունների վերահսկողությունը` հետևելով վերոհիշյալ Արձանագրության մեջ նշված ընթացակարգին:

Մ ա ս 5

Հոդված Ե. Անխտրականություն

Սույն Խարտիայում նշված իրավունքներից օգտվելը պետք է երաշխավորվի առանց խտրականության որևէ հիմքի, ինչպիսիք են ռասան, գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ կարծիքը, ազգային կամ սոցիալական ծագումը, առողջությունը, ազգային փոքրամասնությանը միացումը, ծնունդը կամ այլ կարգավիճակը:

Հոդված Զ. Պատերազմի կամ հասարակական արտակարգ իրավիճակների ժամանակ իրավունքների սահմանափակումը

1. Ազգի գոյությանը սպառնացող պատերազմի կամ այլ հասարակական արտակարգ իրավիճակների ժամանակ Կողմերից յուրաքանչյուրը կարող է ձեռնարկել սույն Խարտիայով իր պարտավորությունները սահմանափակող միջոցառումներ այն չափով, որը ուղղակիորեն պահանջվում է իրավիճակի սրությունից` պայմանով, որ նման միջոցառումները չեն հակասի միջազգային օրենսդրությամբ ստանձնած նրա այլ պարտավորություններին:

2. Սահմանափակման այս իրավունքն օգտագործած ցանկացած Կողմ պետք է խոհեմ ժամկետում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ տեղյակ պահի ձեռնարկված միջոցառումների և դրանց պատճառների մասին: Նմանապես, նա պետք է Գլխավոր քարտուղարին տեղյակ պահի նման միջոցառումների դադարեցման և իր կողմից ընդունված Խարտիայի դրույթների` ամբողջությամբ նորից գործելու մասին:

Հոդված Է. Սահմանափակումներ

1. 1-ին Մասում շարադրված և արդյունավետ իրականացվող իրավունքները և սկզբունքները չպետք է ենթարկվեն որևէ սահմանափակման կամ սահմանափակության, որոնք նշված չեն այս Մասերում, բացառությամբ նրանց, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության և հասարակական շահերի, ազգային անվտանգության, հասարակության առողջության և բարոյականության պաշտպանության համար:

2. Սույն Խարտիայում շարադրված իրավունքների և պարտավորությունների նկատմամբ սույն Խարտիայով թույլատրելի սահմանափակումները չպետք է կիրառվեն նրանց համար չամրագրված որևէ նպատակի համար:

Հոդված Ը. Խարտիայի առնչությունը ներպետական օրենսդրությանը կամ միջազգային համաձայնագրերին

Սույն Խարտիայի դրույթները չպետք է վնասեն ներպետական օրենսդրության կամ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ պայմանագրի, կոնվենցիայի կամ համաձայնագրի դրույթների, որոնք ուժի մեջ են կամ կարող են ուժի մեջ մտնել, համաձայն որոնց՝ ավելի բարենպաստ վերաբերմունք կտրամադրվի պաշտպանված անձանց:

Հոդված Թ. Տրված պարտավորությունների կատարումը

1. Առանց վնասելու սույն հոդվածներով նախատեսված կատարման մեթոդները, սույն Խարտիայի 2-րդ Մասի 1-ինից 31-րդ հոդվածների համապատասխան դրույթները պետք է կատարվեն՝

ա) օրենքներով կամ կանոնակարգերով,

բ) գործատուների կամ գործատուների կազմակերպությունների և աշխատողների կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով,

գ) այդ երկու մեթոդների համակցմամբ,

դ) այլ համապատասխան միջոցներով:

2. Սույն Խարտիայի 2-րդ Մասի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի, 7-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերի, 10-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի, 21-րդ և 22-րդ հոդվածների դրույթներից բխող պարտավորությունների կատարումը պետք է արդյունավետ ճանաչվի, եթե դրույթները կիրառվում են համապատասխան աշխատողների բացարձակ մեծամասնության նկատմամբ` սույն հոդվածի 1-ին կետի համաձայն:

Հոդված Ժ. Փոփոխություններ

1. Սույն Խարտիայով երաշխավորված իրավունքների ընլայնման նպատակով սույն Խարտիայի 1-ին և 2-րդ Մասերի ցանկացած փոփոխության, ինչպես նաև 3-ից 6-րդ Մասերի ցանկացած փոփոխության մասին պետք է հաղորդվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվի սույն Խարտիայի Կողմերին:

2. Նախորդ կետի դրույթների համաձայն առաջարկված ցանկացած փոփոխություն պետք է քննարկվի կառավարական կոմիտեի կողմից, որը, Խորհրդարանական ասամբլեայի հետ խորհրդակցելուց հետո, պետք է ընդունված տեքստը ներկայացնի Նախարարների կոմիտեին` հաստատելու համար: Նախարարների կոմիտեի հաստատումից հետո այդ տեքստը պետք է ուղարկվի Կողմերին` ընդունելու համար:

3. Սույն Խարտիայի 1-ին և 2-րդ Մասերի ցանկացած փոփոխություն Խարտիան ընդունած կողմերի նկատմամբ ուժի մեջ կմտնի այն ընդունած երեք Կողմերի կողմից Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Հետագայում այն ընդունած ցանկացած Կողմի նկատմամբ փոփոխությունը ուժի մեջ կմտնի այն օրվանից մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ այդ Կողմը կտեղեկացնի Գլխավոր քարտուղարին իր ընդունելու մասին:

4. Սույն Խարտիայի 3-ից 6-րդ Մասերի ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի այն օրվանից մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ բոլոր Կողմերը կտեղեկացնեն լխավոր քարտուղարին իրենց ընդունելու մասին:

Մ ա ս 6

Հոդված ԺԱ. Ստորագրումը, վավերացումը և ուժի մեջ մտնելը

1. Սույն Խարտիան պետք է բաց լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստորագրվելու համար: Այն պետք է ենթակա լինի վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Սույն Խարտիան ուժի մեջ կմտնի այն օրվանից մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի երեք անդամ պետություններ կարտահայտեն իրենց համաձայնությունը նախորդ կետի համաձայն սույն Խարտիայով պարտավորված լինելու մասին:

3. Սույն Խարտիայով պարտավորված լինելու մասին հետագայում իր համաձայնությունն արտահայտած ցանկացած անդամ պետության նկատմամբ այն ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ տալուց մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Հոդված ԺԲ. Տարածքային կիրառում

1. Սույն Խարտիան պետք է կիրառվի յուրաքանչյուր Կողմի մետրոպոլ տարածքի նկատմամբ: Յուրաքանչյուր ստորագրող Կողմ կարող է ստորագրման կամ վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ սահմանել այն տարածքը, որը այս նպատակով կհամարվի մետրոպոլ տարածք:

2. Ցանկացած ստորագրող Կողմ կարող է ստորագրման կամ վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ հայտարարել, որ Խարտիան ամբողջությամբ կամ մասնակիորեն կտարածվի վերոնշյալ հայտարարության մեջ նշված ոչ մետրոպոլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կամ որոնց համար ինքը միջազգային պատասխանատվություն է կրում: Հայտարարության մեջ նա կսահմանի Խարտիայի 2-րդ Մասի այն հոդվածները կամ կետերը, որոնք նա ընդունել է որպես պարտադիր հայտարարության մեջ նշված տարածքների նկատմամբ:

3. Խարտիան կկիրառվի վերոնշյալ հայտարարության մեջ նշված տարածքի կամ տարածքների նկատմամբ նման հայտարարության մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

4. Հետագայում ցանկացած Կողմ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ մեկ կամ ավել տարածքների առնչությամբ, որոնց նկատմամբ Խարտիան կիրառվել է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, ինքը պարտադիր է ընդունում ցանկացած հոդված կամ ցանկացած համարակալված կետ, որոնք ինքը դեռ չի ընդունել նման տարածքի կամ տարածքների առնչությամբ: Հետագայում տրված նման պարտավորությունները պետք է համարվեն համապատասխան տարածքի առնչությամբ կատարված բնօրինակ հայտարարության անբաժանելի մասը և պետք է ունենան միևնույն ուժը նման ծանուցումը լխավոր քարտուղարի ստանալուց մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրվանից:

Հոդված ԺԳ. Չեղյալ հայտարարում

1. Ցանկացած Կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Խարտիան միայն իր նկատմամբ Խարտիայի ուժի մեջ մտնելուց հետո հնգամյա ժամանակաշրջանի ավարտին կամ ցանկացած երկամյա ժամկետի ավարտին և ամեն դեպքում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին վեց ամիս առաջ ծանուցելով, որը, իր հերթին, կտեղեկացնի մյուս Կողմերին:

2. Ցանկացած Կողմ կարող է, նախորդ կետում շարադրված դրույթներին համապատասխան, չեղյալ հայտարարել իր կողմից ընդունված Խարտիայի 2-րդ Մասի ցանկացած հոդված կամ կետ` պայմանով, որ հոդվածների կամ կետերի քանակը, որոնցով պարտավորվում է այդ Կողմը, չպետք է պակաս լինի տասնվեցից՝ առաջինի դեպքում, և վաթսուներեքից` վերջինի դեպքում, և որ հոդվածների կամ կետերի այս քանակը կշարունակի ներառել այն հոդվածները, որոնք ընտրել է Կողմը Ա հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում հատուկ հղում կատարվածներից:

3. Ցանկացած Կողմ կարող է, սույն հոդվածի 1-ին կետում սահմանված պայմանների համաձայն, չեղյալ հայտարարել սույն Խարտիան կամ Խարտիայի 2-րդ Մասի ցանկացած հոդված կամ կետ ցանկացած տարածքի առնչությամբ, որի նկատմամբ կիրառելի է նշված Խարտիան, ԺԲ հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված հայտարարության միջոցով:

Հոդված ԺԴ. Առդիր

Սույն Խարտիայի առդիրը պետք է հանդիսանա նրա անբաժան մասը:

Հոդված ԺԵ. Ծանուցումներ

Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարը Խորհրդի անդամ պետություններին և Աշխատանքի միջազգային կազմակերպության լխավոր տնօրենին պետք է ծանուցի՝

ա) ցանկացած ստորագրող պետության մասին,

բ) վավերացման, ընդունման կամ հաստատման ցանկացած փաստաթուղթ ի պահ տալու մասին,

գ) ԺԱ հոդվածի համաձայն սույն Խարտիայի ուժի մեջ մտնելու ցանկացած ժամկետի մասին,

դ) Ա հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, Դ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, Զ հոդվածի 2-րդ կետի, ԺԲ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն արված ցանկացած հայտարարության մասին,

ե) Ժ հոդվածի համաձայն արված ցանկացած փոփոխության մասին,

զ) Ժ հոդվածի համաձայն՝ ցանկացած չեղյալ հայտարարման մասին,

է) սույն Խարտիային վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդման մասին:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Վերանայված խարտիան:

Կատարված է 1996 թվականի մայիսի 3-ին, Ստրասբուրգում, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պետք է ի պահ տրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին:

Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի

հավելված

Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի գործունեության բնույթը պաշտպանված անձանց նկատմամբ

1. Առանց վնասելու 12-րդ հոդվածի 4-րդ կետը և 13-րդ հոդվածի 4-րդ կետը, 1-ինից 17-րդ և 20-ից 31-րդ հոդվածներում ընդգրկված անձանց մեջ ներառվում են միայն շահագրգիռ Կողմի տարածքում օրինականորեն բնակվող կամ կանոնավորապես աշխատող մյուս Կողմի քաղաքացիներ հանդիսացող օտարերկրացիները` համաձայն այն ըմբռնման, որ այս հոդվածները պետք է մեկնաբանվեն 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթների լույսի ներքո:

Նման մեկնաբանությունը չի վնասի ցանկացած Կողմի կողմից նույնանման հնարավորությունները այլ անձանց վրա տարածելուն:

2. Յուրաքանչյուր Կողմ, «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի հուլիսի 28-ին Ժնևում ստորագրված Կոնվենցիայի և 1967 թվականի հունվարի 31-ի Արձանագրության համաձայն, իր տարածքում օրինականորեն բնակվող փախստականներին կտրամադրի հնարավորին չափ բարենպաստ վերաբերմունք և բոլոր դեպքերում ոչ պակաս բարենպաստ, քան սույն Կոնվենցիայի և այդ փախստականների նկատմամբ կիրառելի ցանկացած այլ գործող միջազգային փաստաթղթի համաձայն Կողմի ստանձնած պարտավորություններով նախատեսված վերաբերմունքն է:

3. Յուրաքանչյուր Կողմ, 1954 թվականի սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ստորագրված «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» Կոնվենցիայի համաձայն, իր տարածքում օրինականորեն բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կտրամադրի հնարավորին չափ բարենպաստ վերաբերմունք և բոլոր դեպքերում ոչ պակաս բարենպաստ, քան նշված փաստաթղթի և քաղաքացիություն չունեցող այդ անձանց նկատմամբ կիրառելի ցանկացած այլ գործող միջազգային փաստաթղթի համաձայն Կողմի ստանձնած պարտավորություններով նախատեսված վերաբերմունքն է:

Մաս 1, կետ 18 և Մաս 2, հոդված 18, կետ 1

Հասկացվում է, որ սույն դրույթները չեն վերաբերում Կողմերի տարածքներ մուտք գործելու հարցին և չեն վնասում 1955 թվականի դեկտեմբերի 13-ին Փարիզում ստորագրված` Հաստատման մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներին:

Մ ա ս 2

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։