Հոդված 10. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազոր մարմինը
Հոդված 10. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազոր մարմինը
1. Լիազոր մարմնի գործառույթներն ու լիազորություններն են՝
1) հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների, պետական մարմիններից ու կազմակերպություններից տեղեկությունների ստացումը.
2) ստացված հաշվետվությունների և այլ տեղեկությունների վերլուծությունը.
3) քրեական հետապնդում իրականացնող մարմիններին հաղորդման ուղարկումը՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.
4) հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքի նպատակներից բխող այլ տեղեկություններ, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.
5) պետական, այդ թվում` վերահսկող և քրեական հետապնդման մարմիններից սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը.
6) օրենքով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հաշվետվությունների սխալ կամ թերի լրացման կամ չներկայացման, ինչպես նաև ներքին իրավական ակտերում առկա թերությունների դեպքում դրանք շտկելու հանձնարարականներ տալը.
7) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունումը, ուղեցույցների հաստատումը, տիպաբանությունների հրապարակումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով հաշվետվություն տրամադրող անձանց, վերահսկող և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ.
8) անձանց նույնականացման համար անհրաժեշտ տվյալների կամ տիպաբանությունների տրամադրումը հաշվետվություն տրամադրող անձանց, որոնց հիման վրա հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են կասեցնել այդ անուններին (անվանումներին) կամ տիպաբանություններին համընկնող գործարար հարաբերությունները կամ գործարքները կամ մերժել դրանց իրականացումը.
9) սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությանն օժանդակումը.
10) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից ներքին աուդիտի իրականացման դեպքերն ու հաճախականությունը սահմանելը, արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.
11) ֆինանսական հաստատությունների և իրավաբանական անձանց նկատմամբ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ պատասխանատվություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը.
12) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու մասին որոշում կայացնելը.
13) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից տրամադրված հաշվետվությունների վերաբերյալ լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց պարբերաբար տեղեկատվություն (հետադարձ կապ) տրամադրելը.
14) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ուսուցում իրականացնելը և այլ մարմինների կողմից իրականացվող ուսուցումը համակարգելը, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը.
15) իր իրավական ակտերով սահմանված կարգով սույն օրենքով սահմանված գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ հրապարակելը.
16) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին հանրային իրազեկում իրականացնելը.
17) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ համագործակցության համաձայնագրեր կնքելը, տեղեկատվություն (այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող) փոխանակելը.
18) սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ և գործառույթներ:
2. Սույն օրենքի նպատակներից ելնելով` լիազոր մարմնում գործում է պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հաստատած կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացնում է լիազոր մարմնի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթներն ու լիազորությունները, բացառությամբ լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնին վերապահված գործառույթների ու լիազորությունների:
3. Լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը հաստատում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ռազմավարությունը, ամենամյա ծրագիրը, բյուջեն, ինչպես նաև իր իրավասու ստորաբաժանումների միջոցով իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ, 9-11-րդ կետերով սահմանված գործառույթներն ու լիազորությունները:
4. Սույն հոդվածի առաջին մասի 12-րդ կետով սահմանված լիազորությունն իրականացվում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի սահմանած կարգով:
5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին և աշխատակիցներին նշանակում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:
6. Լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի սահմանած պարբերականությամբ և կարգով Ֆինանսական դիտարկումների կենտրոնը հաշվետվություն է ներկայացնում այդ մարմնին՝ իր գործունեության վերաբերյալ:
7. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից սույն օրենքի նպատակներից ելնելով տեղեկատվության ստացման և վերլուծության ընթացքում այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի միայն Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցներին:
8. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի այն աշխատակիցները, որոնց հասանելի է ստացվող և պահպանվող տեղեկատվությունը, օրենքով և լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված կարգով պահպանում են գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունն իրենց պարտականությունների կատարման ընթացքում և դրանց դադարումից հետո, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա անօրինական հրապարակման համար: Այդպիսի տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն սույն օրենքի նպատակներով: