Հոդված 25. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցումը
Հոդված 25. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցումը
1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով լիազոր մարմինը պետք է հրապարակի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր և ապահովի դրանցում ներառված, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված այլ անձանց ֆինանսական միջոցների անմիջապես սառեցումը:
2. Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված կազմակերպությունները սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդվածի իմաստով համարվում են ահաբեկչական կազմակերպություններ:
3. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը կայացնում է հաշվետվություն տրամադրող անձը կամ լիազոր մարմինը՝ 5-օրյա ժամկետով: Հաշվետվություն տրամադրող անձը սառեցման մասին որոշում կայացնելու դեպքում դրա մասին լիազոր մարմին անմիջապես ներկայացնում է սույն օրենքի 5-7-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:
4. Հաշվետվություն տրամադրող անձի՝ ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը մինչև սառեցման ժամկետի ավարտը կարող է վերացվել միայն լիազոր մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ հաշվետվություն տրամադրող անձի միջնորդությամբ:
5. Սառեցման մասին լիազոր մարմնի տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է կայացնում դրա մասին սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերում քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու մասին կամ սառեցման որոշումը վերացնելու մասին: Լիազոր մարմնի կողմից սույն կետով սահմանված ժամկետում որոշում չկայացնելու դեպքում սառեցման մասին որոշումը համարվում է վերացված:
6. Քրեական հետապնդման մարմինների կողմից հաղորդում ստանալու պահից սառեցման ժամկետը համարվում է 10 օրով երկարաձգված, որից հետո՝ վերացված, եթե օրենքով սահմանված կարգով կասեցումը պահպանելու գործողություններ չեն ձեռնարկվել:
7. Անձն իրավունք ունի դատական կարգով լիազոր մարմնից պահանջելու իր սառեցված ֆինանսական միջոցների հաշվին կատարել իր ընտանեկան, բժշկական և այլ անձնական նպատակներով վճարումներ: Այդպիսի վճարումների վերաբերյալ դատական կարգով որոշում կայացվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված կարգով, եթե տվյալ անձի անունն ընդգրկված է ՄԱԿ-ի սահմանած ցանկերում: