Հոդված 5. Տեղեկացման ենթակա գործարքները կամ գործարար հարաբերությունները
Հոդված 5. Տեղեկացման ենթակա գործարքները կամ գործարար հարաբերությունները
1. Հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնին են տրամադրում հետևյալ գործարքներից ցանկացածի վերաբերյալ հաշվետվություն`
1) գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված գործարքների.
2) անշարժ գույքի հետ կապված գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը.
3) կասկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ` անկախ սույն մասում նշված գումարի չափից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը հաշվետվություն տրամադրող անձանց մոտ առաջանում է՝
1) ֆինանսական հաստատությունների մոտ՝ լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.
2) շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձանց, խաղատների, ինչպես նաև ռիելտորական գործունեություն իրականացնող անձանց մոտ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում.
3) նոտարների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց, անհատ ձեռնարկատեր աուդիտորների և աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի նկատմամբ՝ միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետևյալ գործարքների մասով՝
ա. անշարժ գույքի առուվաճառքի,
բ. հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարման,
գ. բանկային և արժեթղթային հաշիվների կառավարման,
դ. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրման,
ե. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացման, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում և այլն) մասնակցության, փայի և այլնի օտարման (ձեռքբերման), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) օտարման (ձեռքբերման).
4) թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների նկատմամբ՝ միայն հաճախորդի հետ կանխիկ գործարքների մասով.
5) վարկային բյուրոների նկատմամբ՝ միայն կասկածելի գործարքների մասով.
6) հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ՝ այնպիսի գործարքների դեպքում, երբ այդ անձինք՝
ա. հանդես են գալիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս,
բ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալ) որպես ընկերության տնօրեն (գործադիր մարմին), ընկերակցության մասնակից կամ իրականացնում են իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ,
գ. իրավաբանական անձին տրամադրում են գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր,
դ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալ) որպես կողմերի համաձայնությամբ ձևավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ,
ե. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալ) որպես այլ իրավաբանական անձի անվանատեր.
7) իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) նկատմամբ՝ միայն առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում և այլն) բաժնի (մասնակցության, փայի և այլն) օտարման (ձեռքբերման) կամ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի և այլն) ձևավորման կամ փոփոխության հետ կապված պետական գրանցումների մասով:
3. Փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները և աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված գործարքների մասին հաշվետվություն ներկայացնում են միայն կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների առկայության դեպքում:
4. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին ու ներկայացուցիչներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկատվություն է տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաև այլ անձանց հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկատվության տրամադրման փաստի մասին:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականությունից ազատելու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը: