Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Հաճախորդի նույնականացումը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հաճախորդի նույնականացումը

1. Հաճախորդի հետ որևէ գործարար հարաբերություն կարող է հաստատվել կամ միանգամյա գործարք կնքվել միայն հաշվետվություն տրամադրող անձանց կողմից նույնականացման համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը (տեղեկությունները) ստանալուց և դրանց իսկությունն ստուգելուց հետո: Հաշվետվություն տրամադրող անձինք կարող են ձեռք բերել սույն օրենքով նույնականացման համար պահանջվող տեղեկությունները և ստուգել դրանց իսկությունը նաև գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ողջամիտ ժամկետում, եթե արդյունավետորեն կանխարգելված է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը, և դա անհրաժեշտ է բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով:

2. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է նույնականացնեն իրենց հաճախորդներին և ստուգեն նրանց ինքնությունը՝ իրավասու աղբյուրներից ստացված արժանահավատ փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության հիման վրա, եթե՝

1) հաստատվում են գործարար հարաբերություններ.

2) կատարվում է միանգամյա գործարք, այդ թվում՝ ներպետական կամ միջազգային դրամական փոխանցում, որի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկին համարժեք դրամը կամ արտարժույթը, եթե խստացնող այլ դրույթ սահմանված չէ այլ իրավական ակտերով.

3) կասկածներ են առաջանում հաճախորդի նույնականացմանը վերաբերող նախկինում ձեռք բերված տեղեկատվության հավաստիության կամ ամբողջականության մասին.

4) կասկածներ են առաջանում փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ:

3. Հաճախորդներին նույնականացնելիս և ինքնությունը ստուգելիս`

1) ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բացառապես լուսանկարով՝ պետական համապատասխան իրավասու մարմնի տված այլ վավեր պաշտոնական փաստաթղթերի հիման վրա պահանջվող տեղեկատվությունն առնվազն պետք է ներառի անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության վայրը, ծննդյան ամսաթիվը, վայրը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ նաև պետական գրանցման վկայականի համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ.

2) իրավաբանական անձանց համար պահանջվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

4. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի պարզելու իրական շահառուի առկայությունը և առկայության դեպքում, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, նույնականացնի ու ստուգի նրա ինքնությունը:

5. Եթե հաճախորդի կողմից հանդես է գալիս լիազորված անձ, ապա հաշվետվություն տրամադրող անձը, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է նաև նույնականացնել այդ անձին, ստուգել նրա ինքնությունը և հաճախորդի անունից հանդես գալու նրա լիազորությունը:

6. Հաշվետվություն տրամադրող անձը ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում կարող է իրականացնել հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն՝ հաճախորդին կամ իրական շահառուին նույնականացնելիս կամ նրա ինքնությունը ստուգելիս:

7. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ձեռնարկի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռիսկերին համարժեք միջոցներ՝ բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում: Ֆինանսական հաստատությունը պետք է ունենա ներքին իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարման ընթացակարգեր՝ պարզելու համար, թե արդյոք հաճախորդը հանդիսանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ, կամ առկա է բարձր ռիսկի այլ չափանիշ:

8. Բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է իրականացնի հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն: Քաղաքական ազդեցություն ունեցող անձի առկայության դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է նաև՝

1) ստանա ավագ ղեկավարության հավանությունը՝ հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելուց առաջ, գործարար հարաբերությունը շարունակելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ հետագայում պարզվում է, որ հաճախորդը կամ իրական շահառուն եղել է կամ դառնում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ.

2) ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հաճախորդի կամ իրական շահառուի եկամուտների (ունեցվածքի) և ֆինանսական միջոցների աղբյուրը պարզելու համար.

3) իրականացնի գործարար հարաբերությունների ընթացիկ հավելյալ ուսումնասիրություն:

9. Եթե հաճախորդը կամ գործարքի մյուս կողմն օտարերկրյա իրավաբանական անձ է կամ օտարերկրյա ֆիզիկական անձ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ, ապա ֆինանսական հաստատությունն իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով պարտավոր է պարզել և գրառել նաև այդ անձանց կենսական շահերի կենտրոնը և եկամտի աղբյուրները:

10. Բանկերն իրենց ներքին իրավական ակտերով պետք է սահմանեն օտարերկրյա բանկերի թղթակցային հաշիվների բացման և վարման կարգը, ինչպես նաև օտարերկրյա բանկերում իրենց թղթակցային հաշիվների բացման և վարման առանձնահատկությունները, որպեսզի հավաստիանան, որ իրենք թղթակցային հարաբերություններ չեն հաստատել կեղծ բանկերի կամ այն բանկերի հետ, որոնք թույլատրում են կեղծ բանկերի կողմից իրենց հաշիվների օգտագործումը: Օտարերկրյա բանկերի հետ թղթակցային հարաբերությունների դեպքում բանկերը պետք է՝

1) հավաքեն նորմատիվ և ներքին իրավական ակտերով սահմանված բավարար տեղեկատվություն, որպեսզի ամբողջությամբ պարզեն թղթակից բանկի գործունեության բնույթը և հիմք ընդունելով հրապարակային ու ներքին իրավական ակտերով սահմանված այլ արժանահավատ տեղեկատվությունը՝ գնահատեն թղթակից բանկի գործարար համբավն ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության որակը, ներառյալ` այն, թե արդյոք այդ բանկը ներգրավված է եղել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման քրեական հետապնդման կամ որևէ այլ վարույթի մեջ.

2) իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգով գնահատեն թղթակից բանկի կողմից իրականացվող՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ներքին ընթացակարգերը.

3) թղթակցային հարաբերություն հաստատելուց առաջ ստանան ավագ ղեկավարության հավանությունը.

4) փաստաթղթավորեն թղթակից բանկերից յուրաքանչյուրի համապատասխան գործառույթները.

5) հավաստիանան, որ տարանցիկ հաշիվների դեպքում թղթակից բանկը պարզել է իր հաշիվների նկատմամբ հասանելիություն ունեցող հաճախորդների ինքնությունը և անընդհատ հիմունքներով իրականացնում է նրանց ընթացիկ մոնիթորինգ, և որ այն հարցման դեպքում կարող է թղթակից բանկին տրամադրել հաճախորդի ինքնության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

11. Հաշվետվություն տրամադրող անձանց համար հաճախորդի նույնականացման և տեղեկությունների իսկության ստուգման ժամանակ կարող են հիմք ծառայել հաշվետվություն տրամադրող այլ անձանց, մասնագիտացված միջնորդների կամ երրորդ անձանց ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց կողմից հաճախորդի նույնականացման և տեղեկությունների իսկության ստուգման արդյունքում ստացված տվյալները՝ միայն հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով:

12. Սույն գլխով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության կանոնները հաշվետվություն տրամադրող հետևյալ անձանց նկատմամբ տարածվում են հետևյալ դեպքերում՝

1) ռիելտորական գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ՝ միայն այն գործարքների մասով, որոնք կապված են հաճախորդի համար անշարժ գույքի առուվաճառքի հետ.

2) նոտարների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց, անհատ ձեռնարկատեր աուդիտորների և աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, ինվեստիցիոն ընկերությունների նկատմամբ՝ միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետևյալ գործարքների մասով՝

ա. անշարժ գույքի առուվաճառք,

բ. հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարում,

գ. բանկային հաշիվների կառավարում,

դ. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրում.

ե. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի և այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի և այլն) առուվաճառք, կամ իրավաբանական անձանց՝ 20 միլիոն դրամը գերազանցող անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առուվաճառք.

3) թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների նկատմամբ՝ միայն հաճախորդի հետ 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող կանխիկ գործարքների մասով.

4) շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձանց և խաղատների նկատմամբ՝ միայն հաճախորդի կողմից կատարվող գործարքների (խաղանիշերի գնման, խաղադրույքների կատարման կամ շահումների) մասով՝ եթե գործարքի գումարը գերազանցում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը.

5) հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ հետևյալ գործարքներից որևէ մեկի դեպքում՝

ա. հանդես են գալիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս,

բ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես ընկերության տնօրեն (գործադիր մարմին), ընկերակցության մասնակից կամ իրականացնում են իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ,

գ. իրավաբանական անձի համար տրամադրում են գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր,

դ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես կողմերի համաձայնությամբ ձևավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ,

ե. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես այլ իրավաբանական անձի անվանատեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։