Հոդված 21. Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերը
Հոդված 21. Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է ունենան փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (կարգ, կանոն, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ): Սույն մասով նախատեսված ներքին իրավական ակտերը պետք է սահմանեն առնվազն՝
1) այն ներքին ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և տեղեկատվության պահպանման նպատակով.
2) հաճախորդի պատշաճ և հավելյալ ուսումնասիրության նպատակով պահանջվող փաստաթղթերի և այլ տեղեկությունների ցանկը.
3) ներքին իրավական ակտով նախատեսված ընթացակարգերի և պահանջների պահպանման նկատմամբ ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները՝ ներքին աուդիտի անցկացման՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում.
4) ներքին դիտարկումների մարմնի գործունեության ներքին ընթացակարգը.
5) կասկածելի և այլ գործարքների (գործարար հարաբերությունների) մասին տեղեկատվության հավաքագրման, գրանցման և պահպանման ընթացակարգերը.
6) կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) կասեցման (իրականացման մերժման), ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման ներքին ընթացակարգերը.
7) ներքին դիտարկումների մարմնի կամ սույն օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցների աշխատանքի ընդունման, ուսուցման և վերապատրաստման պահանջները՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության, այլ իրավական ակտերի (հատկապես հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու պարտականությունների մասով), ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման առկա ռիսկերի և տիպաբանությունների վերաբերյալ.
8) գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի համարելու չափանիշները.
9) լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու ներքին ընթացակարգը.
10) սույն օրենքով, լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կիրառությունն ապահովող ներքին ընթացակարգերը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերից մեկական օրինակ հաշվետվություն տրամադրող անձինք դրանց հաստատման, ինչպես նաև դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տրամադրում են լիազոր մարմնին: Լիազոր մարմնի պահանջով հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ներքին իրավական ակտերում: