Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքը.
2) փողերի լվացում (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում)՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքը.
3) ահաբեկչության ֆինանսավորում` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարում.
4) հաշվետվություն տրամադրող անձինք`
ա. բանկերը,
բ. վարկային կազմակերպությունները,
գ. արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք,
դ. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող լիցենզավորված անձինք,
ե. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք,
զ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կարգավորվող շուկայի արժեթղթերի կենտրոնացված պահառուն,
է. ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունները և ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձինք,
ը. գրավատները,
թ. ռիելտորական գործունեություն իրականացնող անձինք,
ժ. նոտարները,
ժա. փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք,
ժբ. անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք,
ժգ. անհատ ձեռնարկատեր աուդիտորները և աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք,
ժդ. թանկարժեք մետաղների դիլերները,
ժե. թանկարժեք քարերի դիլերները,
ժզ. արվեստի գործերի դիլերները,
ժէ. սակարկությունների կազմակերպիչները,
ժը. շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձինք և խաղատները, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղ կազմակերպող անձինք,
ժթ. հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք,
ի. վարկային բյուրոները, որոնց նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականությունը,
իա. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-7-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությունը,
իբ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-7-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաև 9-րդ հոդվածը և 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությունը.
5) ֆինանսական հաստատություններ՝ սույն մասի 4-րդ կետի «ա»-«ը» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք.
6) ոչ ֆինանսական հաստատություններ կամ անձինք՝ սույն մասի 4-րդ կետի «թ» - «ժթ» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք:
Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն սույն օրենքի 4-8-րդ հոդվածները՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերը, 12-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածները՝ 15-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաև 19-րդ, 20-րդ, 22-րդ հոդվածները, 24-28-րդ հոդվածները: Սույն օրենքի 21-րդ հոդվածը և 23-րդ հոդվածի 2-րդ մասը ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն դրանց՝ 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.
7) վերահսկող մարմիններ՝ հաշվետվություն տրամադրող անձանց լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող և վերահսկողություն իրականացնող) իրավասու մարմինները.
8) գործարք՝ հաշվետվություն տրամադրող անձի և հաճախորդի կամ լիազորված անձի միջև, ինչպես նաև հաճախորդի կամ լիազորված անձի և այլ անձանց միջև հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կնքված գործարք: Գործարք կարող է համարվել նաև որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ և պարտականություններ առաջացնող յուրաքանչյուր գործողություն.
9) միանգամյա գործարք՝ գործարք, որի արդյունքում հաճախորդի և հաշվետվություն տրամադրող անձի միջև պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում (գործարար հարաբերություն չի հաստատվում).
10) գործարար հարաբերություն՝ հաճախորդին մատուցվող պարբերական ծառայություններ, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով: Հաշվետու անձի հետ գործարար հարաբերությունը չի ներառում հաշվետվություն տրամադրող անձի հետ այն գործունեությունը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը սեփական կարիքների համար իրականացնում է տվյալ տեսակի հաշվետվություն տրամադրող անձանց համար օրենքով սահմանված գործունեությունից տարբեր այլ գործունեություն.
11) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
12) կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն՝ գործարք կամ գործարար հարաբերություն, որի դեպքում սույն օրենքով, լիազոր մարմնի ուղեցույցներով, հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով սահմանված կամ այլ դեպքերում կասկածվում է, կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ այդ գործարքում կամ գործարար հարաբերությունում ներառված գույքն ստացվել է հանցավոր ճանապարհով կամ այդ գույքը կապված է ահաբեկչության ֆինանսավորման հետ, ինչպես նաև եթե ֆինանսական միջոցները կամ այլ գույքը կապված են, կամ առկա է մտադրություն դրանք օգտագործել ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կողմից՝ ահաբեկչական նպատակներով.
13) ավագ ղեկավարություն՝ հաշվետվություն տրամադրող անձի մարմին կամ աշխատակից, որն իրավասու է հաշվետվություն տրամադրող անձի անունից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով որոշումներ կայացնելու կամ մասնակցում է այդպիսի որոշումների կայացմանը.
14) հաճախորդ՝ հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարար հարաբերություն հաստատող կամ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձ, ինչպես նաև այն անձը, որն առաջարկում է հաշվետվություն տրամադրող անձին կնքել միանգամյա գործարք կամ մատուցել գործարքի կատարմանն ուղղված այլ ծառայություններ.
15) իրական շահառու՝ գործարար հարաբերության կամ գործարքի կողմ չհանդիսացող ֆիզիկական անձ, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է և (կամ) որն իրականում տիրապետում և (կամ) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից գործարքը կատարվում է: Իրավաբանական անձի մասով իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի (գործարար հարաբերության) նկատմամբ և (կամ) ի շահ որի իրականացվում է գործարար հարաբերությունը կամ գործարքը: Իրավաբանական անձի իրական շահառու կարող է համարվել նաև այն ֆիզիկական անձը, որը`
ա. քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) քսան և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել դրա որոշումները,
բ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի կառավարման և (կամ) ղեկավար մարմնի անդամ,
գ. գործում է տվյալ իրավաբանական անձի հետ համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
16) լիազորված անձ՝ հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի անունից գործարքի կատարման կամ գործարար հարաբերությունում որոշակի իրավաբանական կամ փաստացի գործողություններ իրականացնելու լիազորություն ունեցող, այդ թվում՝ լիազորագրով կամ օրենքով սահմանված այլ հիմքով հաճախորդի տված լիազորությունների հիման վրա ներկայացուցչություն իրականացնող անձը, ինչպես նաև այն անձը, որը չունի լիազորագիր, սակայն փաստացի հանդես է գալիս հաճախորդի անունից կամ հանձնարարությամբ, կամ հաճախորդի հաշվին կամ հօգուտ հաճախորդի կատարում է փաստացի գործողություններ.
17) փոխկապակցված անձ՝ հաշվետվություն տրամադրող անձի գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված փոխկապակցված անձ, իսկ նման սահմանման բացակայության դեպքում՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք.
18) հաճախորդի գործարար բնութագիր՝ հաճախորդի եկամտի աղբյուրների, գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների և ոլորտների, լիազորված անձանց և իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի տեղեկությունների (պատկերացումների) ամբողջությունը.
19) գործարքի մյուս կողմ՝ հաճախորդի կողմից իրականացվող գործարքի այլ մասնակից, որը տրամադրում (փոխանցում) կամ որին հասցեագրվում են գործարքից բխող դրամական միջոցները կամ այլ գույքը.
20) քաղաքական ազդեցություն ունեցող անձ՝ անձ, որը օտարերկրյա պետությունում կամ տարածքում իրականացնում է կամ իրականացրել է բարձրաստիճան մակարդակով պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ, մասնավորապես՝
ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները,
բ. խորհրդարանի անդամները,
գ. գերագույն դատարանների, սահմանադրական դատարանների անդամները կամ այլ բարձր դատական ատյանների անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքների,
դ. աուդիտորների դատարանների անդամները կամ կենտրոնական բանկերի խորհուրդների անդամները,
ե. դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները,
զ. քաղաքական կուսակցությունների ակնառու գործիչները,
է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունների վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները:
Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի հանրային գործառույթներ իրականացնող անձանց.
21) կենսական շահերի կենտրոն` այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը, և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.
22) ներքին դիտարկումների մարմին՝ ֆինանսական հաստատության ստորաբաժանում, աշխատակից կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող անձ, որն իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ.
23) ահաբեկչության հետ կապված անձ՝ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը ներառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրապարակած անձանց և կազմակերպությունների կամ լիազոր մարմնի ներկայացրած ցանկերում, ինչպես նաև ահաբեկչության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձինք.
24) տիպաբանություն՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր սխեմաներ.
25) բարձր ռիսկի չափանիշ՝ սույն օրենքով, լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող և նրանց հետ փոխկապակցված անձինք, ըստ ներկայացնողի արժեթղթերը, այդ թվում՝ ըստ ներկայացնողի չեկային գրքույկները, օֆշորային տարածքները.
26) ցածր ռիսկի չափանիշ՝ սույն օրենքով կամ լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին, այդ թվում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները, պետական մարմինները կամ պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունները.
27) գործարար հարաբերության կամ գործարքի կասեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի առարկա ֆինանսական միջոցների կամ այլ գույքի փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելք.
28) գործարար հարաբերության կամ գործարքի իրականացման մերժում՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի կատարման համար նախատեսված գործողությունների չիրականացում.
29) ֆինանսական միջոցների սառեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելք.
30) կեղծ («շել») բանկ՝ բանկ, որը գրանցված լինելով որևէ պետությունում, դրա տարածքում փաստացի գտնվելու կամ գործունեության վայր չունի, և որը փոխկապակցված չէ գործող այլ ֆինանսական հաստատությունների հետ: