Հոդված 11. Տոկոսներ
Հոդված 11. Տոկոսներ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են՝ այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը, մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի հինգ տոկոսը (5%):
3. Անկախ 2-րդ կետի դրույթներից`
a) Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսներն այդ պետությունում ազատվում են հարկումից, եթե դրանք ստանում է և փատացի սեփականատեր է հանդիսանում.
(i) մյուս Պայմանավորվող պետության կառավարությունը, կամ նրա քաղաքական ստորաբաժանումը կամ տեղական իշխանության մարմինը, կամ իրավասու մարմինների համաձայնությամբ` այդ պետության, կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի ցանկացած գործակալություն կամ հաստատություն,
(ii) մյուս Պայմանավորվող պետության Կենտրոնական բանկը,
b) Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսներն այդ պետությունում ազատվում են հարկումից, եթե դրանց փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է և այդ տոկոսները ստացվում են առաջինը հիշատակված պետության կառավարության կողմից հաստատված կամ երաշխավորված փոխառության կամ վարկի դիմաց:
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում:
5. 1, 2 և 3 կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները` այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում, կիրառվում են 7 հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն, այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդ մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
7. Այն դեպքում, եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները: