Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միմիայն այդ պետությունում, եթե այդ ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը մյուս Պայմանավորվող պետությունում չի իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեությունը վերը նշված ձևով, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3 կետի դրույթները, այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որը այն կարող էր ստանալ նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն` լինելով ինքնուրույն ու առանձին ձեռնարկություն և գործելով միանգամայն անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցում համարել այդ մշտական հաստատության նպատակներով կրած այն ծախսերը, ներառյալ այդ նպատակներով կրած կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, որոնք թույլատրվում են այն Պայմանավորվող պետության ներքին օրենքով, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը` անկախ այն բանից, կատարված են դրանք այն պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլուր:
4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է որոշել մշտական հաստատությանը վերագրվող ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ենթամասերի միջև համամասնական բաշխման հիման վրա, ապա 2 կետը ոչ մի կերպ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը ընդունված բաշխման եղանակով: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:
5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:
6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը տարեց տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե այլը անելու համար չկա հիմնավոր և բավարար պատճառ:
7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: