Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում.
a) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն, և աշխարհագրական իմաստով օգտագործելիս նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածք, ներառյալ ներքին ջրերը, որոնց նկատմամբ տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավասությունը և ինքնիշխան իրավունքները,
b) «Կատար» տերմինը նշանակում է Կատարի Պետություն, ցամաք և ներքին և տարածքային ջրեր, ինչպես նաև դրանց վրայի օդային տարածք, և
տնտեսական գոտի և մայրցամաքային շելֆ, որոնց նկատմամբ Կատարի Պետությունը իրականացնում է իրավասություն և ինքնիշխան իրավունքներ` միջազգային իրավունքի և իր ազգային օրենքների և կանոնակարգումների համաձայն,
c) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Կատար,
d) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ և ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես ընկերություն կամ իրավաբանական անձ,
e) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանի դեպքում՝ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար կամ նրա լիազոր ներկայացուցիչ,
ii) Կատարի դեպքում` Ֆինանսների նախարար կամ նրա լիազոր ներկայացուցիչ,
f) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
g) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով կամ ճանապարհային փոխադրամիջոցով իրականացվող ցանկացած փոխադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ նավը, օդանավը կամ ճանապարհային փոխադրամիջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
h) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) Պայմանավորվող պետության գործող օրենքներով իր կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերություն կամ ասոցիացիա,
i) «հարկ» տերմինը, ենթատեքստից կախված, նշանակում է կատարական հարկ կամ հայկական հարկ,
k) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինն ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության մատուցում:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագրի դրույթները կիրառելիս, դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պետության օրենքով տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Համաձայնագիրը: