Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է՝ այդ պետության օրենքներին համապատասխան, սակայն եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը (5%):
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում` ցանկացած գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների հեղինակային իրավունքի (ներառյալ կինոնկարների կամ ռադիո- կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի կամ ձայներիզների), ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորման օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին` այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում է ռոյալթին, իրականում կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածների դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտ է: Սակայն, այն դեպքում, երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը ենթակա է հարկման յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները: