Հոդված 14. Եկամուտ վարձու աշխատանքից
Հոդված 14. Եկամուտ վարձու աշխատանքից
1. Հաշվի առնելով 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Չնայած 1 կետի դրույթներին, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված պետությունում, եթե.
a) ստացողը դիտարկվող ֆինանսական տարում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում մյուս Պետությունում է գտնվում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում և
b) վարձատրությունը վճարվում է մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից և
c) վարձատրության ծախսերը չի կրում մյուս պետությունում գործատուի ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, միջազգային փոխադրումներում շահագործվող նավի, օդանավի կամ ճանապարհային փոխադրամիջոցների վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացվող վարձատրությունը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, գտնվում է ձեռնարկության փաստացի ղեկավարման վայրը:
4. Մյուս Պայմանավորվող պետությունում տեղակայված Պայմանավորվող պետության օդային, նավագնացության կամ ճանապարհային փոխադրամիջոցների ձեռնարկության վարձու աշխատողի ստացած աշխատավարձը, պարգևավճարները և չնախատեսված եկամուտները ենթակա են հարկման այն Պայմանավովող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի ղեկավարման վայրը: Սակայն, այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության և այն պետության միջև, որի ռեզիդենտ է հանդիսանում վարձու աշխատողը, գործողության մեջ է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, ապա այդպիսի վարձու աշխատողը հարկվում է այդպիսի համաձայնագրի դրույթներին համապատասխան: