Հոդված 38. Պետական տուրքը վերադարձնելը
Հոդված 38. Պետական տուրքը վերադարձնելը
Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`
ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.
բ) դատարանների և պետական արբիտրաժի կողմից դիմումները (գանգատները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաև նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.
գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում կամ պետական արբիտրաժում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը.
դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը կամ պետական արբիտրաժը գանձել են պետական տուրքը, գործի քննության ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.
ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցը բավարարելու դեպքում.
զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.
է) մինչև համապատասխան մարմիններ դիմելը պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում.
ը) անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության ակտի գրանցման փոխարենուղղ. մուծված պետական տուրքը, եթե գրանցումը չի կատարվել ամուսինների հաշտվելու կամ նրանցից որևէ մեկի չներկայանալու պատճառով.
թ) քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով հաստատված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը չեղյալ դատարանով համարվելու դեպքում.
ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների դեմ գանգատարկողի օգտին գանգատարկման խորհրդի կամ դատարանի որոշում ընդունելու դեպքում (գանգատը ներկայացնելու համար վճարված պետական տուրքը).
ժա) Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքերը` մինչև մեկնելու թույլտվություն ստանալը արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում: