Հոդված 33. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները
Հոդված 33. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները
Արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են այնպես, ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:
Եթե սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:
Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այդ դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով:
Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ: Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարացնելու համար տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Գյուտերի այն հայտերով, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին են ներկայացվել մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը, ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում` սույն օրենքի 18 հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում: