Հոդված 30
Հոդված 30
Գործառնությունների վերջնական դադարեցումը և Բանկի լուծարումը
1. Բանկի լուծարումը նախաձեռնելու մասին որոշումն ընդունվում է Բանկի խորհրդի կողմից: Բանկի լուծարման մասին որոշումն ընդունվում է Բանկի մասնակիցների կողմից:
2. Բանկի խորհրդի կողմից Բանկի լուծարումը նախաձեռնելու մասին որոշում ընդունվելու դեպքում Բանկն անհապաղ դադարեցնում է իր գործունեությունը, բացառությամբ իր ակտիվների իրացման ու կոնսերվացման, պահպանման և իր պարտավորությունների կարգավորման հետ կապված գործունեությունը:
Մինչև պարտավորությունների վերջնական կարգավորումը և ակտիվների տեղաբաշխումը Բանկի և նրա մասնակիցների բոլոր փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները մնում են ուժի մեջ:
3. Վարկատուների պահանջները բավարարվում են Բանկի ակտիվների հաշվին: Վարկատուներին որևէ վճարում կատարելուց առաջ Բանկի վարչությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում պահանջատերերի միջև վճարումների համամասնական բաշխման ապահովման համար:
4. Բանկի ակտիվների բաշխումն իրականացվում է հետևյալ կերպով.
ա) Բանկի մասնակիցների միջև ակտիվները բաշխվում են վարկատուների նկատմամբ Բանկի բոլոր պարտավորությունների կարգավորումից կամ այդ կարգավորման համար պահուստի ստեղծումից հետո,
բ) Բանկի ակտիվների ցանկացած բաշխում կատարվում է Բանկի կանոնադրական դրամագլխի` յուրաքանչյուր մասնակցի կողմից վճարված մասին համապատասխան և իրականացվում է Բանկի խորհրդի կողմից հաստատված ժամկետների և պայմանների հիման վրա: Բանկի մասնակիցների միջև բաշխվող ակտիվները կարող են լինել տարբեր տեսակի: Բանկի ոչ մի մասնակից իրավունք չունի բաշխված ակտիվների իր մասն ստանալու մինչև չկատարի Բանկի առջև իր բոլոր պարտավորությունները,
գ) Բանկի մասնակիցը, որն ստանում է բաշխվող ակտիվները սույն հոդվածին համապատասխան, դրանց նկատմամբ ունի նույն իրավունքները, որոնք ուներ Բանկն այդ ակտիվների նկատմամբ նախքան դրանց բաշխումը:
Բ ա ժ ի ն VII
Բանկի անձեռնմխելիությունը, առավելությունները և արտոնությունները
Իր նպատակներին հասնելու և իր գործառույթներն իրականացնելու համար Բանկի յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում Բանկին տրվում են անձեռնմխելիություն, առավելություններ և արտոնություններ, որոնք նախատեսված են սույն բաժնով և արձանագրված են Բանկի և նրա մասնակիցների միջև կնքված համաձայնագրերում: