Հոդված 31
Հոդված 31
Բանկի անձեռնմխելիությունը և առավելությունները
1. Բանկն անձեռնմխելիություն ունի ցանկացած դատական հետապնդման նկատմամբ` բացառությամբ այն դեպքերի, որոնք չեն հանդիսանում նրա լիազորությունների իրականացման հետևանք կամ կապված չեն այդ լիազորությունների իրականացման հետ: Բանկի դեմ հայցեր կարող են ներկայացվել միայն իրավասու դատարաններում, այն պետության տարածքում, որտեղ Բանկը գտնվում է կամ ունի մասնաճյուղ, դուստր բանկ կամ ներկայացուցչություն կամ նշանակել է գործակալ դատական ծանուցագիր ստանալու կամ դատավարության մասին տեղեկանալու նպատակով կամ արժեթղթեր է թողարկել կամ երաշխավորել դրանք:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից` Բանկի դեմ որևէ գործողություն և հայց չի ձեռնարկվում Բանկի ցանկացած մասնակցի կամ մասնակցի ցանկացած անձի, մարմնի կամ հաստատության կողմից, որը գործում կամ պահանջներ է ներկայացնում այդ մասնակցի անունից: Բանկի մասնակիցների հակասությունների կարգավորման համար կարող են կիրառվել հատուկ ընթացակարգեր, որոնք նախատեսված են սույն Կանոնադրությամբ, Բանկի դրույթներով և ռեգլամենտներով, ինչպես նաև Բանկի և մասնակից պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով:
3. Բանկի գույքը և ակտիվները, որոնք գտնվում են Բանկի մասնակիցների տարածքներում, ունեն անձեռնմխելիություն խուզարկության, ռեկվիզիցիայի, կալանքի, բռնագրավման, սեփականազրկման կամ առգրավման ցանկացած այլ տեսակի կամ օտարման նկատմամբ մինչև Բանկի նկատմամբ վերջնական դատական վճռի կայացումը:
4. Բանկի ամբողջ գույքն ու ակտիվները զերծ են ամեն տեսակի սահմանափակումներից, կարգադրագրերից և մորատորիումներից այն չափով, որքանով անհրաժեշտ է Բանկի նպատակներին հասնելու և գործառույթներն իրականացնելու համար` հաշվի առնելով սույն Կանոնադրության դրույթները:
5. Արխիվները, գույքը, ինչպես նաև ցանկացած տեղեկատվություն, որոնք պատկանում են Բանկին, կամ որոնց սեփականատերն է նա, անձեռնմխելի են Բանկի մասնակիցների տարածքում:
6. Բանկի մասնակից պետությունները Բանկին նրա պաշտոնական կապի համար տրամադրում են ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան այն պայմաններն են, որոնք Բանկի այդ մասնակիցների կառավարությունները տրամադրում են ցանկացած այլ կառավարության, ներառյալ նրա դիվանագիտական ներկայացուցչությունները, փոստային առաքումների, կաբելահեռագրի, հեռագրի, ռադիոհեռագրի սակագների և գերակայության առումով, հեռախոսից և կապի այլ տեսակներից օգտվելու, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներին տեղեկություններ հաղորդելու նպատակով ցածր սակագներ կիրառելու առումով: Նշված ծառայությունների վճարումների հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Բանկի միջոցների հաշվին:
7. Բանկի բոլոր լիազոր ներկայացուցիչները, նրանց տեղակալները, Բանկի վարչության նախագահը, Բանկի վարչության նախագահի տեղակալները, Բանկի վարչության անդամները և Բանկի աշխատակիցներն ունեն անձեռնմխելիություն դատական և վարչական հետապնդման նկատմամբ` այն գործողությունների համար, որոնք իրականացրել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ: Այդ անձեռնմխելիությունը չի կիրառվում քաղաքացիական պատասխանատվության նկատմամբ` Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ վնաս հասցնելու դեպքում: