Հոդված 12
Հոդված 12
ՌՈՅԱԼԹԻՆ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից փաստացի տնօրինված ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է՝ այդ պետության օրենքներին համապատասխան. բայց եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը: Պայմանավորվող պետության իրավասու մարմինները այս սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների կամ ռադիո- կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի, ձայներիզների կամ սկավառակների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, արդյունաբերական նմուշի կամ մոդելի, կամ գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորման կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:
4. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման վայրի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում է ռոյալթին, փաստորեն կապված են այդպիսի տնտեսական գործունեության իրականացման վայրի հետ: Այդ դեպքերում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտ է: Սակայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարող անձի, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, տնտեսական գործունեության իրականացման վայրը Պայմանավորվող պետությունում է, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի տնտեսական գործունեության իրականացման վայրը, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է տնտեսական գործունեության իրականացման վայրը:
6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները: