Հոդված 4
Հոդված 4
ՌԵԶԻԴԵՆՏԸ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ պետության օրենքների համաձայն, ենթակա է հարկման այդ պետությունում իր մշտական բնակության, ռեզիդենտության, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ պետությունը և նրա իշխանության ցանկացած տեղական մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձ, որն այդ պետությունում ենթակա է հարկման միայն այդ պետության աղբյուրներից ստացած եկամտի նկատմամբ:
2. Այն դեպքում, երբ 1-ին պարբերության դրույթների հիման վրա ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.
ա) նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտը, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան. իսկ եթե նա երկու պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտը, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.
բ) եթե հնարավոր չէ որոշել այն պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է.
գ) եթե նա սովորաբար երկու պետություններում էլ բնակվում է, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից ոչ մեկում, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է.
դ) եթե նա հանդիսանում է երկու պետությունների քաղաքացի կամ դրանցից ոչ մեկի քաղաքացի չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ 1-ին պարբերության դրույթների հիման վրա ֆիզիկական անձից տարբերվող այլ անձը որպես այդպիսին գրանցված է երկու Պայմանավորվող պետություններում, ապա նա համարվում է այն պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման վայրը: Ֆիզիկական անձից տարբերվող անձի փաստացի կառավարման վայրի գտնվելու անորոշության դեպքում իրավասու մարմինները փորձում են համաձայնության գալ այդպիսի անձի փաստացի կառավարման վայրի գտնվելու հարցի շուրջ: