Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում.
ա) «Խորվաթիա» տերմինը նշանակում է` Խորվաթիայի Հանրապետության տարածք, ինչպես նաև տարածքային ծովի արտաքին սահմանին հարակից ծովային տարածքները` ներառյալ ծովի հատակը և նրա ընդերքը, որի նկատմամբ Խորվաթիայի Հանրապետությունը, միջազգային իրավունքի և Խորվաթիայի Հանրապետության օրենքների համաձայն, իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունները.
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետություն, և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ներառյալ ցամաքային, ջրային տարածքը, ընդերքը և օդային տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության համաձայն, իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունը.
գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Խորվաթիա կամ Հայաստան.
դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում.
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.
զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.
է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ձեռնարկության կողմից շահագործվող ցանկացած փոխադրում ծովային, գետային, օդային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցներով, որի փաստացի կառավարման վայրը Պայմանավորվող պետությունում է, բացառությամբ, երբ ծովային, գետային, օդային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև.
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է`
i) Խորվաթիայում՝ ֆինանսների նախարար կամ նրա լիազորած ներկայացուցիչ.
ii) Հայաստանում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար և Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ.
ժ) «քաղաքացի» տերմինը նշանակում է`
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ.
ii) Պայմանավորվող պետության գործող օրենքների հիման վրա իր` որպես այդպիսին կարգավիճակն ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա.
ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացումը:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագիրը ցանկացած պահի կիրառվելիս նրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին այդ պետության օրենսդրությամբ այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը, ընդ որում` այդ պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ: