Հոդված 15
Հոդված 15
(ԿՈԴԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ)
1) Սահմանված երթուղիներով օդային հաղորդակցություններ շահագործելիս կամ տրամադրելիս Պայմանավորվող կողմերից մեկի ցանկացած` նշանակված ավիաընկերություն կարող է կոդերի համատեղ օգտագործման և բլոկ-նստատեղերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել.
ա) Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ,
բ) երրորդ կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ: Եթե նման երրորդ կողմը չի լիազորում կամ թույլատրում նմանատիպ համաձայնություններ մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների և այլ ավիաընկերությունների միջև` դեպի այդպիսի երրորդ երկիր, այդ երկրից և այդ երկրի տարածքով անցնող հաղորդակցությունների վրա, ապա համապատասխան Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններն իրավունք ունեն չընդունելու նման համաձայնությունները:
2) Վերը նշված դրույթները, սակայն, ենթակա են այն պայմաններին, որ նման համաձայնությունների մեջ գտնվող բոլոր ավիաընկերությունները.
ա) ունենան հիմնական երթևեկության իրավունքներ և բավարարեն սույն Համաձայնագրի սկզբունքները,
բ) բավարարեն երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից նման համաձայնությունների նկատմամբ կիրառվող պահանջները, և
գ) սպառողներին տրամադրեն պատշաճ տեղեկատվություն նման կոդերի համատեղ օգտագործման և բլոկ-նստատեղերի համաձայնությունների վերաբերյալ:
3) Կոդերը համատեղ օգտագործող ավիաընկերություններից պահանջվում է, որ առաջարկվող կոդերի համատեղ օգտագործման և բլոկ-նստատեղերի համաձայնությունները ներկայացնեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին դրանց առաջարկվող ներմուծումից առնվազն 45 (քառասունհինգ) օր առաջ: Նման կոդերի համատեղ օգտագործման և բլոկ-նստատեղերի համաձայնությունները ենթակա են Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից հաստատման: