Հոդված 3
Հոդված 3
(ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ)
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակելու ավիաընկերություն կամ ավիաընկերություններ` տվյալ Պայմանավորվող կողմի կողմից համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու նպատակով, և հետ վերցնելու ցանկացած ավիաընկերության նշանակումը կամ փոխարինելու նախկինում նշանակված ավիաընկերությունը մեկ այլ ավիաընկերությամբ: Նման նշանակումը կատարվում է դիվանագիտական ուղիներով` գրավոր ծանուցմամբ:
2) Նշանակման մասին ծանուցում ստացած ավիացիոն իշխանությունները, պահպանելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունները, անհապաղ անհրաժեշտ շահագործման թույլտվություն են տրամադրում մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը:
3) Պայմանավորվող կողմերից մեկի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացույցներ, որ վերջինս ունի անհրաժեշտ որակավորում` այդպիսի իշխանությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների շահագործման նկատմամբ կիրառվող օրենքներով և կանոնակարգերով սահմանված պայմանները կատարելու համար՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններն իրավունք ունեն մերժելու ավիաընկերության նշանակման ընդունումը և մերժելու սույն հոդվածի 2-րդ պարբերությունում նշված շահագործման թույլտվության տրամադրումը կամ սահմանելու այնպիսի պայմաններ, որ այդ իշխանություններն անհրաժեշտ կհամարեն սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված իրավունքների իրականացման համար` ամեն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը ապացույցներ չունենա այն բանի, որ այդ ավիաընկերության նկատմամբ սեփականության նշանակալի մասը և գործառնական վերահսկողությունը վերապահված է մյուս Պայմանավորվող կողմին կամ նրա պետության քաղաքացիներին:
5) Եթե ավիաընկերությունը նշանակվել և շահագործման թույլտվություն է ստացել սույն հոդվածի համաձայն, ապա նա կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն շահագործել համաձայնեցված այն հաղորդակցությունները, որոնց համար նշանակվել է` պայմանով, որ սույն Համաձայնագրի 13-րդ և 16-րդ հոդվածների համաձայն հաստատված սակագները և չվացուցակներն ուժի մեջ լինեն այդ հաղորդակցությունների առնչությամբ: