Հոդված 4
Հոդված 4
(ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԵՎ ԿԱՍԵՑՆԵԼԸ)
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններն իրավունք ունեն չեղյալ հայտարարելու շահագործման թույլտվությունը կամ կասեցնելու սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված իրավունքների իրականացումը մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կողմից կամ սահմանելու այնպիսի ժամանակավոր կամ մշտական պայմաններ, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն այդ իրավունքների իրականացման համար, եթե նշված ավիաընկերությունը.
ա) չի կարողանում ապացուցել այդ իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների առջև իր ունակությունը` բավարարել տվյալ իշխանությունների կողմից կիրառվող օրենքների և կանոնակարգերի պայմանները` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կամ
բ) չի կարող ապացուցել, որ սեփականության նշանակալի մասը և գործառնական վերահսկողությունը վերապահված են ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա պետության քաղաքացիներին, կամ
գ) այլ կերպ չի շահագործում համաձայնեցված հաղորդակցությունները սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններով:
2) Եթե անհրաժեշտ չէ անհապաղ գործողություն` կանխելու համար վերը նշված օրենքների և կանոնակարգերի հետագա խախտումը, սույն հոդվածի 1-ին պարբերությունում թվարկած իրավունքներն իրականացվում են միայն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ խորհրդակցություններից հետո: Եթե ավիացիոն իշխանությունների միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել, նման խորհրդակցությունները Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև սկսվում են ավիացիոն իշխանություններից որևէ մեկի կողմից հարցում ներկայացվելու ամսաթվից հետո վաթսուն (60) օրվա ընթացքում: