Հոդված 13
Հոդված 13
(ՍԱԿԱԳՆԵՐԸ)
1) Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրով ծածկվող հաղորդակցությունների նկատմամբ կիրառվելիք սակագները հաստատվում են բանական չափերով` պատշաճ ուշադրություն դարձնելով բոլոր հարակից գործոններին, ներառյալ օգտագործողների շահերը, շահագործման արժեքը, հաղորդակցության բնութագրերը (ինչպիսիք են արագության և հարմարավետության չափանիշները), հավելավճարների դրույքաչափերը, բանական եկամուտը, մյուս ավիաընկերությունների սակագները և շուկայի այլ առևտրային նկատառումները:
2) Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններն անընդունելի են համարում այն սակագները, որոնք անհիմն խտրական են, ոչ պատշաճ ձևով բարձր են կամ սահմանափակիչ բնույթ ունեն գերակա դիրքի չարաշահման պատճառով, կամ արհեստականորեն ցածր են ուղղակի կամ անուղղակի սուբսիդավորման կամ օժանդակության պատճառով, կամ հանգեցնում են գնի անկման:
3) Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններից ոչ մեկն իրենց նշանակած ավիաընկերություններից չպետք է պահանջի խորհրդակցել այլ ավիաընկերությունների հետ սակագները հաստատման համար ներկայացնելուց առաջ և ոչ էլ պետք է կանխի նման խորհրդակցությունը:
4) Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից Պայմանավորվող կողմերի տարածքների միջև փոխադրման նկատմամբ կիրառվելիք սակագները ներկայացվում են նշանակված ավիաընկերությունների կողմից Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին դրանք կիրառելու համար առաջարկվող ամսաթվից առնվազն երեսուն (30) օր առաջ: Ավիացիոն իշխանությունները կարող են հաստատել կամ չհաստատել երկու Պայմանավորվող կողմերի տարածքների միջև՝ մեկ ուղղությամբ կամ երկու ուղղությամբ փոխադրման համար ներկայացված սակագները:
Նման սակագները համարվում են հաստատված, եթե ներկայացված սակագները ստանալու ամսաթվից հետո` տասնչորս (14) օրվա ընթացքում, Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները անհամաձայնության գրավոր ծանուցումը չեն հանձնել սակագներ ներկայացրած ավիաընկերությանը:
Սակագները հաստատելիս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են իրենց հաստատմանը կցել այնպիսի վերջնական ժամկետներ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում: Եթե սակագինն ունի վերջնական ժամկետ, այն պետք է մնա ուժի մեջ մինչև վերջնական ժամկետի լրանալը, եթե հետ չի վերցվել համապատասխան ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից, կամ եթե փոխարինող սակագին չի ներկայացվել և հաստատվել նախքան վերջնական ժամկետը:
5) Հարցման դեպքում Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունը մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին է ներկայացնում այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածքից սկսվող կամ տարածքում ավարտվող՝ դեպի երրորդ երկրներ կամ երրորդ երկրներից փոխադրման սակագները:
6) Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ավիացիոն իշխանությունները գտնում են, որ դեպի իրենց տարածք կամ տարածքից փոխադրման սակագինն ընկնում է վերը նշված 3-րդ պարբերությունում նկարագրված դասակարգումների տակ, նրանք հնարավորին չափ շուտ կամ առնվազն նրանց կողմից ներկայացված սակագները ստանալու ամսաթվից տասնչորս (14) օրվա ընթացքում անհամաձայնության ծանուցում են ներկայացնում մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին և նշանակված ավիաընկերությանը:
7) Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չպետք է պահանջեն, որ իրենց հաստատմանը ներկայացվեն Պայմանավորվող կողմերի տարածքներում գտնվող կետերի միջև բեռների փոխադրման սակագները, սակայն նշանակված ավիաընկերությունները պետք է գրանցեն դրանք երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններում դրանք կիրառելու առաջարկվող ամսաթվից առնվազն տասնչորս (14) օր առաջ: Նման գրանցված բեռնային սակագինն ուժի մեջ է մտնում դրանք կիրառելու նշված ամսաթվից:
8) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները ցանկացած ժամանակ կարող են սույն հոդվածի դրույթների կիրարկման շուրջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում ներկայացնել: Նման խորհրդակցություններն անցկացվում են ոչ ուշ, քան հարցումն ստանալուց երեսուն (30) օր հետո:
9) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններն իրավունք ունեն քննելու ցանկացած ավիաընկերության, ուղևորային գործակալի կամ շրջագայություն կազմակերպողի կողմից կատարված սակագների և վաճառքի պայմանների խախտումները: