Հոդված 22
Հոդված 22
(ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ)
1) Սույն Համաձայնագրի մեկնաբանումից կամ կիրառումից ծագող վեճի դեպքում Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններն առաջին հերթին փորձում են այն կարգավորել բանակցությունների միջոցով:
2) Եթե ավիացիոն իշխանությունները համաձայնության չեն հասնում, ապա վեճը կարգավորվում է Պայմանավորվող կողմերի միջև` բանակցությունների միջոցով:
3) Եթե Պայմանավորվող կողմերը բանակցությունների միջոցով չեն կարողանում հասնել վեճի կարգավորման, ապա նրանք կարող են վեճը ներկայացնել այնպիսի անձի կամ մարմնի, որոնց շուրջ նրանք կարող են համաձայնություն ձեռք բերել, խորհրդատվական կարծիքի կամ պարտադիր բնույթ կրող որոշման համար, ինչպես Պայմանավորվող կողմերը կհամաձայնեն: Պայմանավորվող կողմերից որևէ մեկի հարցման դեպքում վեճը կարող է ներկայացվել երեք արբիտրից բաղկացած տրիբունալ:
4) Նման արբիտրաժային տրիբունալը կազմվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկական անդամ, և այս երկու անդամները համաձայնության են գալիս և նշանակում երրորդ պետության քաղաքացու՝ որպես իրենց նախագահ: Նման անդամները նշանակվում են երկու (2) ամսվա ընթացքում, իսկ նման նախագահը` երեք (3) ամսվա ընթացքում` սկսած այն ամսաթվից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացրել է վեճը տրիբունալ ներկայացնելու իր մտադրության մասին:
5) Եթե վերը նշված 4-րդ պարբերությունում սահմանված ժամկետները չեն պահպանվել, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած այլ համապատասխան համաձայնության բացակայության դեպքում առաջարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) խորհրդի նախագահին` կատարել անհրաժեշտ նշանակումներ: Եթե նախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է, կամ եթե նա որևէ այլ պատճառով չի կարող կատարել այդ գործառույթը, ապա նրան փոխարինող փոխնախագահն է կատարում անհրաժեշտ նշանակումները:
6) Արբիտրաժային տրիբունալն իր որոշումները կայացնում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումները պարտադիր են Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է իր անդամի, ինչպես նաև արբիտրաժային վարույթներում իր ներկայացուցչության ծախսերը. Պայմանավորվող կողմերը հավասար բաժնեմասերով կատարում են նախագահի հետ կապված և ցանկացած այլ ծախս: Մյուս բոլոր դեպքերում արբիտրաժային տրիբունալն ինքն է որոշում իր աշխատակարգը: