Հոդված 17
Հոդված 17
1. Ոչ ոք չպետք է գաղտնի կալանքի տակ պահվի:
2. Առանց խախտելու Կողմ պետության` ազատազրկման հետ կապված և միջազգային այլ պարտավորությունները` յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է իր օրենսդրությամբ`
ա. սահմանի պայմաններ, որոնց համաձայն կարող են տրվել ազատազրկման ենթարկելու հրամաններ.
բ. նշի այն մարմինների ցանկը, որոնք իրավասու են ազատազրկման վերաբերյալ հրաման տալու.
գ. երաշխավորի, որ յուրաքանչյուր ազատազրկված անձ պահվի ազատազրկման համար նախատեսված` միայն պաշտոնապես ճանաչված և վերահսկվող վայրերում.
դ. երաշխավորի, որ յուրաքանչյուր ազատազրկված անձ կհաղորդակցվի իր ընտանիքի անդամների հետ, կամ ընտանիքը կունենա նրան այցելելու իրավունք, կհաղորդակցվի դատապաշտպանի կամ, իր ընտրությամբ, որևէ այլ անձի հետ` հաշվի առնելով միայն օրենքով սահմանված պայմանները, կամ եթե նա օտարերկրացի է, կհաղորդակցվի հյուպատոսական մարմինների հետ` միջազգային կիրառվող իրավունքի համաձայն.
ե. երաշխավորի իրավասու և օրենքով լիազորված մարմինների և հաստատությունների մուտքն ազատազրկված անձանց գտնվելու վայրեր, անհրաժեշտության դեպքում` դատական մարմնի նախնական թույլտվությամբ.
զ. երաշխավորի, որ ազատազրկված յուրաքանչյուր անձ, իսկ բռնությամբ անհետացման վերաբերյալ կասկածների դեպքում, օրինական շահ ունեցող յուրաքաչյուր անձ, ինչպիսիք են ազատազրկված անձի բարեկամները, նրանց ներկայացուցիչները կամ դատապաշտպանը, եթե ազատազրկված անձը չի կարող ինքնուրույն օգտվել այս իրավունքից, բոլոր դեպքերում իրավունք ունենան դատարան դիմելու, որպեսզի դատարանը կարողանա անհապաղ որոշում ընդունել ազատազրկման օրինականության և անձի ազատման վերաբերյալ, եթե նման ազատազրկումը օրինական չէ:
3. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ապահովի ազատազրկված անձանց վերաբերյալ մեկ կամ պաշտոնական մի քանի գրանցամատյանների և/կամ հաշվառման մատյանների կազմումը և կանոնավոր թարմացումը, որոնք որևէ հարցման դեպքում պետք է անհապաղ ներկայացվեն որևէ դատական կամ այլ մարմնին կամ հաստատությանը՝ լիազորված այս հարցով համապատասխան Կողմ պետության օրենքով կամ համապատասխան միջազգային իրավական փաստաթղթով, որին պետությունը հանդիսանում է Կողմ: Տվյալ գրանցամատյանների և հաշվառման մատյանների մեջ պետք է նշվի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը`
ա. ազատազրկված անձի անձնական տվյալները.
բ. անձի ազատազրկման ամսաթիվը, ժամանակը, վայրը և անձին ազատազրկման ենթարկող դատական մարմնի անվանումը.
գ. անձին ազատազրկելու մասին հրաման արձակող մարմինն ու ազատազրկման հիմքերը.
դ. այն մարմինը, որն ապահովում է վերահսկողությունը ազատազրկման նկատմամբ.
ե. ազատազրկման վայրը, ազատազրկման վայր ընդունելու ամսաթիվն ու ժամանակը և ազատազրկման վայրի համար պատասխանատու մարմինը.
զ. ազատազրկված անձի առողջության վիճակի վերաբերյալ տվյալներ.
է. ազատազրկման ընթացքում մահվան դեպքում` մահվան պատճառն ու հանգամանքները, աճյունի հանձնման վայրը.
ը. ազատման կամ մեկ այլ կալանքի վայր տեղափոխման ամսաթիվն ու ժամանակը, ժամկետը և տեղափոխման համար պատասխանատու մարմինը: