Հոդված 98. Մաքսավճարի արտոնությունները
Հոդված 98. Մաքսավճարի արտոնությունները
1. Մաքսավճարից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.
3) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող՝ մաքսատուրքի և հարկերի արտոնություն ունեցող ապրանքները.
4) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.
5) ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաարտահանում» և «Վերաներմուծում» ընթացակարգերով վերաձևակերպված Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները:
2. Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել մաքսավճարի այլ արտոնություններ: