Հոդված 116
Հոդված 116.
Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից`
1) դադարում է 1978 թվականի Սահմանադրության, հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ, ինչպես նաև սահմանադրական օրենքների գործողությունը.
2) Հայաստանի Հանրապետության օրենքները և մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը.
3) Հանրապետության Նախագահն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Հանրապետության փոխնախագահը մինչև իր լիազորությունների ավարտը կատարում է Նախագահի հանձնարարականները.
4) Ազգային ժողովն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Սահմանադրության 63 հոդվածի առաջին մասի, 64 հոդվածի և 65 հոդվածի առաջին մասի դրույթները կիրառվում են Ազգային ժողովի հաջորդ գումարումների համար: Մինչ այդ գործում են 1995 թվականի մարտի 27-ի Սահմանադրական օրենքի 4 և 5 հոդվածները.
5) մինչև սահմանադրական դատարանի կազմավորումը միջազգային պայմանագրերը վավերացվում են առանց նրա եզրակացության.
6) պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային, շրջանային խորհուրդները և նրանց գործադիր մարմինները մինչև Սահմանադրությանը համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրության ընդունումը շարունակում են իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները:
Մինչև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության ընդունումը պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների նախագահներին անվստահություն հայտնելու իրավունքը վերապահվում է Ազգային ժողովին.
7) շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները և գերագույն դատարանը մինչև Սահմանադրությանը համապատասխան դատարանակազմության և դատավարական օրենսդրության ընդունումը և դատական նոր համակարգի կազմավորումը շարունակում են գործել իրենց նախկին լիազորությունների շրջանակում.
8) պետական արբիտրաժը մինչև տնտեսական դատարանի ձևավորումը շարունակում է գործել իր նախկին լիազորությունների շրջանակում.
9) շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների դատավորների լիազորությունները երկարաձգվում են մինչև վեց ամիս ժամկետով, որի ընթացքում Հանրապետության Նախագահը արդարադատության խորհրդի առաջարկով երեք տարի ժամկետով նշանակում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների դատավորներ.
10) գերագույն դատարանի անդամների լիազորությունները երկարաձգվում են մինչև վճռաբեկ դատարանի կազմավորումը, բայց ոչ ավելի, քան երեք տարով.
11) մինչև դատական նոր համակարգի կազմավորումը արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հանրապետության Նախագահի կողմից նշանակված տասնմեկ անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնականներ, վեցը` դատավորներ, երեքը` դատախազներ: Խորհրդի երեքական անդամ նշանակվում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և գերագույն դատարանի դատավորներից` Սահմանադրության 94 հոդվածով նախատեսված կարգով:
Խորհուրդը գլխավորում է Հանրապետության Նախագահը: Արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը խորհրդի փոխնախագահներն են:
Արդարադատության խորհուրդն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները.
12) մինչև դատախազության մասին օրենքի ընդունումը դատախազությունը իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները` գործող օրենսդրությանը համապատասխան.
13) դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները և որոշումները գերագույն դատարանը վերանայում է գլխավոր դատախազի, նրա տեղակալների և հատուկ արտոնագիր ունեցող, գերագույն դատարանում գրանցված փաստաբանների բողոքների հիման վրա.
14) մինչև քրեական դատավարական օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրությանը խուզարկության և կալանավորման նախկին կարգը պահպանվում է: