Հոդված 95
Հոդված 95.
Արդարադատության խորհուրդը`
1) արդարադատության նախարարի առաջարկով կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.
2) գլխավոր դատախազի առաջարկով կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.
3) առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և այլ դատարանների նախագահների թեկնածությունները, եզրակացություն է տալիս արդարադատության նախարարի ներկայացրած մյուս դատավորների թեկնածությունների վերաբերյալ.
4) եզրակացություն է տալիս գլխավոր դատախազի կողմից ներկայացված գլխավոր դատախազի տեղակալների և դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների թեկնածությունների վերաբերյալ.
5) առաջարկ է ներկայացնում դատավորներին և դատախազներին որակավորման դասեր շնորհելու մասին.
6) առաջարկ է ներկայացնում դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին.
7) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության: Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս` արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը: Հանրապետության Նախագահը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը այդ նիստերին չեն մասնակցում.
8) Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ:
Արդարադատության խորհրդի գործունեության կարգը սահմանվում է օրենքով: