Հոդված 142. Լրացուցիչ վճիռ
Հոդված 142. Լրացուցիչ վճիռ
1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե`
1) վճիռ չի կայացրել որևէ պահանջով, որով գործին մասնակցող անձինք ապացույցներ են ներկայացրել.
2) լուծելով իրավունքի մասին հարցը, չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.
3) չի լուծել դատական ծախսերի հարցը:
2. Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
3. Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:
4. Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու դեպքում դատարանը կայացնում է որոշում:
5. Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
(142-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 143. Վճռի պարզաբանումը: Վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը
1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:
2. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:
3. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում:
4. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: