Հոդված 247.5. Անձանց ներկայանալը
Հոդված 247.5. Անձանց ներկայանալը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող և օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատարան կանչված և դատարան ներկայացած քաղաքացիական գործով վկան, փորձագետը կամ մասնագետը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում օգտվում է վկայի, փորձագետի կամ մասնագետի համար` սույն օրենսգրքով սահմանված իրավունքներից:
Այդ անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրավախախտումներ թույլ տալու դեպքում ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության այն ծավալով և չափով, ինչը թույլատրվում է համապատասխան միջազգային պայմանագրով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները տարածվում են նաև օտարերկրյա քաղաքացիներ համարվող և Հայաստանի Հանրապետության դատարան ներկայացած և տվյալ քաղաքացիական գործով քաղաքացիական հայցվորի ու քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների կարգավիճակ ունեցող անձանց վրա:
(247.5 -րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)
⚖Հոդված 247.6. Օտարերկրյա պետությունների դատարանների որոշումները ճանաչելը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները (այսուհետ` դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հայաստանի Հանրապետությունում կատարման ենթակա միջազգային արբիտրաժի վճիռները կամ որոշումները (այսուհետ` որոշումները) նույնպես ենթակա են ճանաչման, եթե տվյալ միջազգային արբիտրաժի վերաբերյալ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեն`
1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության վերաքննիչ դատարանը.
3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, որի իրավասության մեջ մտնող տարածքում պետք է կատարվի դատական ակտը, եթե վերջինս կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը.
4) (պարբերությունն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)
Եթե միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարելու համար տվյալ միջազգային արբիտրաժի վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան ենթակա են ճանաչման, ապա ճանաչման վերաբերյալ որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:
3. Ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու համար օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավասությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության դատարաններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
4. Եթե օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու նպատակով անմիջականորեն հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության որևէ դատարան, ապա վերջինս պարտավոր է`
1) դրա ճանաչման վերաբերյալ որոշում կայացնել, եթե սույն հոդվածի 2-րդ կետի կանոններին համապատասխան` ինքն այդ հարցում իրավասու է.
2) օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը վերահասցեագրել սույն հոդվածի 2-րդ կետով իրավասու դատարան:
5. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտի կամ միջազգային արբիտրաժի որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը եռօրյա ժամկետում ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` ուղարկելով որոշման պատճենը:
(247.6 -րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 25.12.06 ՀՕ-61-Ն, լրաց., փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 247.7. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտի կամ միջազգային արբիտրաժի որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու պայմանները
1. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով:
Համապատասխան միջազգային պայմանագրի պահանջները պահպանած լինելու և ճանաչումը մերժելու` տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու մասին:
2. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կայացրած որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(247.7 -րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)
Յ Ո Թ Ե Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ի Ն
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ